Նկարչուհի Ֆրիդա Կալոյի դեմքը հայտնի է ամբողջ աշխարհում, բայց նրա ձայնը ոչ ոք չի լսել: Այժմ հանրությունը հնարավորություն ունի վայելելու նաև հայտնի դիմանկարչի ձայնը: Հունիսի 14-ին Մեքսիկայի ազգային գրադարանում հայտնաբերվել է նրա ձայնի ենթադրյալ ձայնագրությունը: Իսկությունը հաստատելու համար այն ուղարկվել է փորձաքննության, գրում է The Guardian-ը:
Ենթադրվում է, որ ձայնագրությունն արվել է 1953-1954 թվականներին: Այդ ժամանակ Ֆրիդա Կալոն մասնակցել է «El Bachiller» ռադիոհաղորդմանը: Հենց այդ ծրագրից մի հատված են հայտնաբերել հետազոտողները: Այստեղ նկարչուհին կարդում է իր «Դիեգոյի դիմանկարը» պատմությունը: Այս էսսեն նվիրված է նրա ամուսնուն, նկարիչ Դիեգո Ռիվերեին:
«Նա հսկա, մեծ երեխա է, բարեհամբյուր դեմքով և տխուր հայացքով»,- Ֆրիդան նման կերպ է նկարագրել Դիեգոյի արտաքինը:
Մեքսիկայի մշակույթի նախարարի խոսքերով, եթե գտածոյի իսկությունը հաստատվի, ապա դա կլինի Ֆրիդա Կալոյի ձայնի միակ պահպանված ձայնագրությունը:









































