Վերջին ժամանակներս Հայաստանում բավականին բուռն կերպով քննարկվում է շահումով խաղերի ոլորտը, որոնց շրջանակներում բավականին խիստ մտահոգություններ են հնչում խաղամոլության տարածվածության, դրա կործանարար հետևանքների մասին, և ոլորտի սահմանափակմանն ուղղված կոչեր են կատարվում: Գնահատականներ են հնչում առ այն, որ բուքմեյքերական գրասենյակում կատարվող խաղադրույքների ծավալները հասել են աղետալի չափերի՝ հատելով օրական 1 մլրդ ՀՀ դրամի սահմանը:
Այս հոդվածի շրջանակներում փորձ է կատարվել գնահատելու այս ոլորտում առկա իրավիճակը և պարզելու, թե որքանով են հիմնավորված հնչող մտահոգությունները և գնահատականները, և արդյոք բարձրացված խնդիրները լուրջ մտահոգության առիթ պե՞տք է հանդիսանան, թե՞ ոչ:
Այսպես, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2018 թվականին Հայաստանում շահումով խաղերի ոլորտի շրջանառությունը կազմել է 380.437 մլրդ ՀՀ դրամ: Հավանաբար հենց այս տվյալն է հիմք հանդիսացել վերը նշված օրական 1 մլրդ ՀՀ դրամի խաղադրույքների գնահատականի համար: Սակայն այստեղ պետք է նշել, որ օրական 1 մլրդ ՀՀ դրամի խաղադրույքների մասին բարձրաձայնելիս չի նշվում, որ այդ փաստը ամենևին չի նշանակում, որ Հայաստանի բնակչությունը օրական 1 մլրդ ՀՀ դրամ է տանուլ տալիս խաղադրույքներ կատարելով: Արդյունքում հասարակության քիչ իրազեկված հատվածի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում օրական 1 մլրդ ՀՀ դրամի չափով խաղադրույքներ են տանուլ տրվում:
Այստեղ հարկ է նշել, որ միջազգային պրակտիկայում ընդունված չէ հրապարակել շահումով խաղերի ոլորտի շրջանառության ցուցանիշը, այլ, որպես կանոն, հրապարակվում է խաղային ոլորտը շատ ավելի լավ բնութագրող խաղային համախառն եկամուտի (Gross Gambling Yield /GGY/) ցուցանիշը, որը իրենից ներկայացնում է կատարված խաղադրույքների և դրանց մասով վճարված շահումների տարբերությունը: Նկարում քաղվածք է ներկայացված Միացյալ Թագավորության Խաղային հանձնաժողովի հաշվետվությունից, որում կարելի է տեսնել, որ կենտրոնական ցուցանիշը հենց խաղային համախառն եկամուտի ցուցանիշն է: Սակայն Հայաստանում չի հրապարակվում այդ ցուցանիշը, այլ հրապարակվում է միայն շրջանառության ցուցանիշը, ինչի արդյունքում հասարակության մոտ սխալ պատկերացումներ են ձևավորվում խաղային ոլորտի ծավալի և եկամուտների վերաբերյալ:

Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերությունների մարժան տատանվում է 3.5-4 տոկոսի սահմաններում, որի շնորհիվ էլ ձևավորվում է բուքմեյքերական ընկերության շահույթը: Սա նշանակում է, որ բուքմեյքերական ընկերություններում օրական 1 մլրդ դրամի խաղադրույք կատարելու դեպքում խաղադրույք կատարողները կորցնում են դրա միայն 3.5-4 տոկոսը՝ 35-40 մլն ՀՀ դրամը, իսկ մնացած 960-965 մլն ՀՀ դրամը շահումների տեսքով հետ են ստանում:
Եթե ընդունենք, որ 2018 թվականին շահումով խաղերի ոլորտում մարժան միջինում կազմել է 4 տոկոս, ապա կստացվի, որ 2018 թվականին Հայաստանի բնակչության կողմից շահումով խաղերի միջոցով տանուլ տրված գումարի ընդհանուր մեծությունը կազմել է 15.22 մլրդ ՀՀ դրամ կամ 31.5 մլն ԱՄՆ դոլար: Մեկ բնակչի հաշվով տանուլ տրված գումարի մեծությունը կազմում է 10.6 ԱՄՆ դոլար, իսկ մեկ չափահաս բնակչի հաշվով տանուլ տրված գումարի մեծությունը՝ 14.5 ԱՄՆ դոլար:
Այս առումով կարևոր հարցադրումը այն է, թե արդյո՞ք Հայաստանի բնակչության կողմից շահումով խաղերի միջոցով տանուլ տրված գումարի մեծությունը այնքան մեծ է, որ այն պետք է մտահոգվելու առիթ հանդիսանա և համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն առաջացնի:
Այս հարցի պատասխանը պարզելու առավել արդյունավետ միջոցը միջազգային համեմատականներ անցկացնելն է:
Գծապատկեր 1-ում ներկայացված են մեկ չափահաս բնակչի հաշվով շահումով խաղերի միջոցով առավել մեծ չափի գումարներ տանուլ տված 10 երկրների 2014 թվականի տվյալները , ինչպես նաև համաշխարհային միջին ցուցանիշը :

Ինչպես երևում է Գծապատկեր 1-ում բերված տվյալներից, Հայաստանը մեկ չափահաս բնակչի հաշվով շահումով խաղերի միջոցով տանուլ տված գումարի մեծությամբ շատ հեռու է համաշխարհային «առաջատարներից» և 25-60 անգամ զիջում է վերջիններիս: Ինչն առավել կարևոր է, Հայաստանի այդ ցուցանիշը գրեթե 6 անգամ ցածր է նաև համաշխարհային միջին ցուցանիշից:
Այստեղ հարց կարող է առաջանալ առ այն, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով զգալիորեն զիջում է ինչպես գծապատկերում ներկայացված երկրներին, այնպես էլ համաշխարհային միջին ցուցանիշին, և կոռեկտ չէ Հայաստանը համեմատել վերջիններիս հետ:
Այս առումով առավել հետաքրքրական են Գծապատկեր 2-ում ներկայացված տվյալները, որոնք հաշվի են առնում Հայաստանի և համեմատվող երկրների մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի տարբերությունները:

Գծապատկեր 2-ում ներկայացված տվյալներից երևում է, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ում չափահաս բնակչի հաշվով շահումով խաղերի միջոցով տանուլ տրված գումարի մասնաբաժինը Հայաստանում կազմում է ընդամենը 0.14 տոկոս, և այս ցուցանիշով ևս Հայաստանը զգալիորեն՝ 4-12 անգամ, զիջում է համաշխարհային «առաջատարներին»: Այստեղ ևս հատկապես կարևոր է այն փաստի արձանագրումը, որ Հայաստանի ցուցանիշը 4-ից ավելի անգամ ցածր է նաև համաշխարհային միջին ցուցանիշից:
Վերը նկարագրված համեմատական վերլուծության ամփոփումը թույլ է տալիս պատասխանել հոդվածի առաջնամասում առաջ քաշված հարցադրմանը և արձանագրել, որ Հայաստանի բնակչության կողմից շահումով խաղերի միջոցով տանուլ տրված գումարի տարեկան մեծությունը իրականում մեծ չէ, և այն պետք է որ լուրջ անհանգստության առիթ չհանդիսանա:
Հայաստանը թե բացարձակ և թե հարաբերական ցուցանիշներով որևէ կերպ չի կարող համարվել շահումով խաղերից մեծ կախվածությամբ հասարակություն ունեցող երկիր: Ավելին, Հայաստանը կարելի է դասել շահումով խաղերից առավել փոքր կախվածություն ունեցող երկրների շարքին:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ շահումով խաղերի ոլորտի վերաբերյալ ներկայումս տեղի ունեցող քննարկումներում տեղ գտնող մտահոգությունները և գնահատականները չեն հիմնավորվում խորքային վերլուծությամբ, այլ առավելապես խաղամոլության առանձին դեպքերի և դրանց ծանր հետևանքների վերաբերյալ հուզական դրսևորումների արդյունք են:
Հասարակության առանձին անդամների խաղամոլության խնդիրը և դրանց դեմ արդյունավետ պայքարի մեթոդները առանձին քննարկման թեմա են:









































