ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի՝ ԱՄՆ ընտրություններում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ զեկույցում նշվում է, որ հետաքննության մեջ ներգրավված անձանցից մեկը՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի քաղաքացի Կոնստանտին Կիլիմնիկը, կապված էր ռուսական հատուկ ծառայությունների հետ: Միևնույն ժամանակ հատուկ դատախազը չի նշել, որ պարոն Կիլիմնիկը մի քանի տարի տեղեկատվություն է տրամադրել Պետդեպարտամենտին՝ հայտնում է The Hill-ը:
Հրապարակման համաձայն՝ պարոն Մյուլերը «պետական փաստաթղթերի հարյուրավոր էջեր» է ունեցել, որոնցում Կոնստանտին Կիլիմնիկը նշվել է որպես ԱՄՆ Պետդեպարտամենտի «գաղտնի» աղբյուր: Նա իբր ԱՄՆ վարչությանը տրամադրել է տեղեկատվություն Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված թեմաների շուրջ:
Թե ինչու է Ռոբերտ Մյուլերի թիմը իր զեկույցում շրջանցել Կոնստանտին Կիմիմնիկի մասին այս տեղեկությունը, անհայտ է՝ նշում է The Hill-ը: Այնուամենայնիվ, հենց այդ պատճառով էլ «Մյուլերի եզրակացությունների ճշգրտությունը ռուսական գործի մեջ կարող է ենթարկվել մանրամասն ուսումնասիրության»՝ գրում է թերթը։








































