Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ո՞ւմ նկատի ուներ վարչապետը՝ հայտարարելով, որ որոշ ուժեր դավադրություն են հրահրում և փորձում են ՀՀ իշխանություններին մեղադրել հողեր հանձնելու մեջ, նշել է, որ ՀՀ և ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել և ներկայացրել Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իր տեսլականը, պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ։ «Եվ երբ որ դրանից հետո էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ էս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում. եթե գաղտնիության պայմաններում նստել, խոսել ենք, թե ինչ քայլերով պետք է գնանք առաջ, և եթե մարդը դուրս է գալիս ու օգնականին ասում՝ գնա Ֆեյսբուքում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար է դա անում…»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Իմ քայլնը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանը չի խուսափում իր ասածները մեկնաբանելուց: Այնպես չէ, որ նա «Իմ քայլի» պատգամավորներին գաղտնի բաներ է ասում, որի մասին մյուս քաղաքացիներին չի ասում… Մեր քաղաքական ուժի գործելակերպը բաց է, ինչպես նաև վարչապետի գործելակերպը»:
«Հայաստանի և Արցախի միջև պետք է լիարժեք ներդաշնակություն լինի,- նշեց Մ. Զոլյանը:- Չի կարող այնպես լինել, որ Հայաստանում իրավիճակ փոխվի, իսկ Արցախում ինչ որ հարցերում պահպանվեն այն մոտեցումները, որոնք եղել են տարիներ առաջ, ներդաշնակեցում պետք է տեղի ուենա»:
Մ. Զոլյանը նաև ընդգծեց, որ դավադիրները նախկին իշխանության ներկայացուցիչներն են. «Նրանք փորձում են և՛ Հայաստանում դավադրություն կազմակերպել, և՛ Արցախում: Ե՛վ Հայաստանում, և՛ Արցախում կան մարդիկ, որոնք համագործակցում են նախկին իշխանության հետ, կարծում եմ՝ վարչապետի խոսքը հենցը նրանց էր վերաբերում»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































