Սահմանային լարված իրավիճակի հետ զուգընթաց նոր երանգներ են ստանում նաև Հայաստանի ու Արցախի չափազանց սրված փոխհարաբերությունները։ Ավելին՝ Հայաստանի և Արցախի վերնախավի միջև դիսկուրսը մտել է հրապարակային փուլ՝ իր ոչ ցանկալի հետևանքներով:
Ըստ ՀՀ վարչապետի՝ փակ հանդիպումների ժամանակ Արցախի իշխանությունները լիակատար համաձայնություն են հայտնում հակամարտության կարգավորման իր տեսլականին, բայց հետո օգնականների միջոցով կամ էլ անձամբ Հայաստանի կառավարությանը մեղադրում են հող ծախելու մեջ։ Խոստովանենք, որ այս իրավիճակն աննախադեպ է և կարիք ունի շուտափույթ հանգուցալուծման:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը, քաղաքագետներ Արմեն Վարդանյանը և Նարեկ Մինասյանը:
Ն.Մինասյանը կարծիք հայտնեց, որ տարբեր հարթություններում առկա հակասությունները համադրվել են, և ստեղծել է որոշակի իրավիճակ. «Ներքաղաքական գործընթացներ են ընթանում և՛ Արցախում, և՛ Հայաստանում, որոնք կարծես թե համադրվել են: Նման հեռակա մեսիջների փոխանցումը չէի մեկնաբանի որպես ծայրահեղական, պարտվողական կամ «արմագեդոնային»: Տարբեր հարցերի հետ կապված տարբեր մոտեցումների առկայությունը բնական է, կարիք կա ինտենսիվ և պարզ երկխոսության միջոցով փորձել հստակեցնել հարցերը, կողմերը միմյանց ճիշտ ընկալման խնդիր ունեն: Կոմունիկացիայի որակից է կախված հակասությունների հաղթահարումը»:
Արմեն Վարդանյանի դիտարկմամբ՝ մինչ այժմ Արցախի և Հայաստանի ղեկավարների միջև եթե եղել է որոշակի լարվածություն, հրապարակայնորեն ի ցույց չի դրվել, իսկ այժմ վեց-յոթ ամիսների ընթացքում մի քանի անգամ սուր հակամարտությունը հրապարակային տեսք ունեցավ: Քաղաքագետի խոսքով՝ պետք է դադարեցնել միմյնաց հասցեին ուղղված սուր քննադատությունները և փորձել տարաձայնությունները հարթել փակ դռների ետևում:
«Ցավոք, Արցախի թեման միշտ շահարկվում է քաղաքական պայքարում,- նշեց Լ. ներսիսյանը,- ոչ ոք երբեք չի գծել կարմիր գիծը, որը չպետք է անցնել՝ չի կարելի քննարկել տարածքների հարցը և այն փորձել արհեստական դիսկուրսի թեմա դարձնել: Կարծում եմ՝ Ադրբեջանում ուրախանում են, երբ տեսնում են այս ամենը: Պետք է վեճերի շուրջ փակ ձևաչափով քննարկումներ անցկացնել և լուծումներ գտնել: Արցախում քաղաքական խաղերում չպետք է հրապարակային սկանդալներ լինեն. մենք դեռևս ապրում ենք պատերազմական դրության մեջ»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































