ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել են Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողվի աշխատանքները։ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր առաջին աշխատանքային նիստը անցկացրեց, որտեղ, հիմնականում հստակեցվել է, թե ինչ ճանապարհային քարտեզով են ընթանալու աշխատանքները: Քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը վեց ամիս է, հանձնաժողովը կղեկավարի ԱԺ Անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նա հայտարարել է, որ հանձնաժողովի մեջ կան տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և պայմանավորվել են, որ աշխատանքում պետք է զրոյացնեն քաղաքական կոմպոնենտը:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Ա. Դավոյանը նշեց, որ Ապրիլյան քառօրյայի հետ կապված կան բազմաթիվ կարևորագույն խնդիրներ և անպատախան հարցեր, և կարևոր է, որ Քննիչ հանձնաժողովը վեր հանի դրանք, չպետք է հանրությունը այս հանձնաժողովն ընկալի որպես պատժիչ հանձնաժողով:
Գ. Գորգիսյանը նշեց, որ ԱԺ Անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն են դարձել Քննիչ հանձնաժողովի անդամներ: Առաջին նիստում Գ. Գորգիսյանն առաջարկել է, որ Անդրանիկ Քոչարյանը չլինի Քննիչ հանձնաժողովի ղեկավար, բայց նրա առաջարկը մերժվել է:
Գ. Պետրոսյանը նշեց, որ մեծ հույսեր չի կապում Քննիչ հանձնաժողովի հետ երկու հիմնական պատճառաբանությամբ. «Սահմանադրության համաձայն՝ հանձնաժողովը կաշկանդված է միայն այնպիսի հարցեր քննելով, որոնք ԱԺ գործունեության տիրույթում են, երկրորդ՝ հանձնաժողովը չի կարող անդրադառնալ այնպիսի հարցերի, որոնք գնտնվում են նախաքննության փուլում… Կան նաև այլ սահմանափակումներ. հանձնաժողովը չի կարող քննության առնել պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, նաև սահմանափակ հնարավորություններ ունի բացատրության համար հրավիրվող անձանց սուբյեկտային կազմի առումով»:
Գ. Գորգիսյանը հավելեց, որ չի բացառվում, որ կհրավիրվի և բացատրություն տալու կգա նաև Սերժ Սարգսյանը:
Պատգամավորների խոսքով՝ Քննիչ հանձնաժողովը չպետք է դառնա հաշվեհարդարի գործիք:
Մանրամասն՝ տեսանյութում:









































