Սահմանադրական դատարանի դատավորի երկրորդ թափուր հաստիքի համար նոր թեկնածուի անուն է շրջանառվում։ ArmDaily.am-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնի համար հնարավոր է առաջադրվի իրավագիտության դոկտոր, ներկայումս Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպայի համալսարանի դասախոս Արմեն Մազմանյանի թեկնածությունը։
Նրա թեկնածությունը պետք է առաջադրի Դատավորների ընդհանուր ժողովը։
Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրության՝ ՍԴ դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, տասներկու տարի ժամկետով: Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ։
Նշենք, որ ՍԴ-ում դատավորի երկու թափուր հաստիք կա՝ թոշակի գնացած դատավորներ Կիմ Բալայանի Եւ Վլադիմիր Հովսեփյանի տեղը։ 5 անգամ խորհրդարանի կողմից մերժվելուց հետո նախագահը ՍԴ դատավորի թափուր հաստիքի համար այժմ առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։









































