Ճապոնիայում այսօր ոգեկոչում են 3 տարի առաջ այս օրը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը: 9.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին հաջորդեցին ցունամիի վիթխարի ալիքները, որոնք հարվածեցին երկրի հյուսիսարևելյան ափին: Տարերային աղետը 15.9 հազար մարդու կյանք խլեց, ավելի քան 2600-ը համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կայքը:
Ինչպես Ճապոնիայում անվանում են՝ Մեծ արևելաճապոնական երկրաշարժի տարելիցի առնչությամբ երկրում կանցկացվեն սգո միջոցառումներ: Մայրաքաղաքում կանցկացվի համազգային ժողով, որին կմասնակցեն վարչապետը, կայսրն ու կայսրուհին:
Ողջ երկրում լռության րոպե կհայտարարվի տեղի ժամանակով ժամը 14.46-ին (Երևանի ժամանակով՝ 09.46-ին): Հենց այդ ժամանակ էլ տեղի էր ունեցել ստորգետնյա հուժկու ցնցումը:
Ավերվել է 400 հազար շինություն: Ալիքների բարձրությունը տեղ-տեղ հասնում էր 40 մետրի: Աղետի և «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի վթարի հետևանքով 267 հազար մարդ մինչ օրս փախստականի կյանքով է ապրում:










































