«Աննկուն ծռեր» ջոկատի հրամանատար Աղաբեկ Խաչատրյանը (Բեկ) և «Սասունցի Դավիթ» ջոկատի օդաչու Կարեն Առաքելյանը Եռաբլուրում մասնակցում էին Վազգեն Սարգսյանի 55-ամյակին նվիրված միջոցառմանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Բեկ Խաչատրյանը նշեց, որ ավելի հզոր բանակ էինք ունենալու, եթե կենդանի լիներ Վազգեն Սարգսյանը, քանի որ այս 15 տարիների ընթացքում սպարապետի ոգին է բանակում՝ «բանակի հիմնադիրներն ենք, և նույն ոգով պատրաստ ենք պատերազմի»:
«Սպարապետը ասաց՝ մենք ինչ կարողացանք, արեցինք, բայց ձեռք բերեցինք հպարտություն, այդ հպարտությունը այսօր կա այստեղի մանուկների, աղջիկների ու տղաների մեջ»,- ասաց Բեկ Խաչատրյանը:
Նա նշեց, որ զինվորն այսօր մի պարտականություն պետք է ունենա՝ հայրենիքը սիրելուց առաջինը պետք է սիրի ընտանիքը:
«Մեր զինվորներին ցանկանում եմ, բոլոր զինվորներին, որ խաղաղության մեջ պատերազմի պատրաստ լինեն»,- ասաց նա՝ հավելելով, որ բանակը կյանքի դպրոց է, և ինքը չի հասկանում այն ծնողներին, ովքեր չեն ուզում՝ իրենց որդիները ծառայեն բանակում:
Հարցին՝ արդյոք սպարապետը կհաշտվե՞ր այն իրականության հետ, որ մենք ունեինք, եթե կենդանի լիներ, Կարեն Առաքելյանը պատասխանեց, որ այս իրականության հետ սպարապետը չէր հաշտվի:
Նա ասաց, որ հոկտեմբերի 27-ը հայ ժողովրդի պատմության խայտառակությունն էր, այն ապտակ էր հայ ազգին, և մինչև այսօր ուշքի չենք գալիս, իսկ ուշքի կգանք թե ոչ՝ դա այլ հարց է:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:










































