Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ներկայացրել է քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարտի 8-ից ապրիլի 7-ը անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան, որն այս տարի Երևանի քաղաքապետարանն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ։ Այս տարի «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիային մասնակցում են Երևանի բոլոր բուժհաստատությունները՝ անկախ ենթակայությունից, այդ թվում նաև մասնավոր բժշկական կենտրոններ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Կամսար Բաբինյանը նշել է, որ այս տարի ակցիան առավել ընդգրկուն է և ներառում է բազմաճյուղ հետազոտություններ, ստացիոնար բուժում և վիրահատություններ, իսկ ոչ մատչելի հետազոտություններից ներառված է միայն համակարգչային տոմոգրաֆիան, որի սարքավորումը Երևանի քաղաքապետարանն անցյալ տարի է ձեռքբերել։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետը, ներկայացնելով ակցիայից օգտվելու համար սահմանված կարգը, ընդգծել է, որ այս տարի ևս դիմելու առաջին օղակը համաբուժարաններն են։
«Առողջական խնդիրներ ունեցող կանայք նախ պետք է դիմեն ամբուլատոր պոլիկլինիկաներ։ Առաջնային զննումից հետո, տեղամասային բժշկի ցուցումով, անհրաժեշտության դեպքում քաղաքացին կուղեգրվի ստացիոնար հիվանդանոց՝ մասնագիտական հետազոտությունների կամ բուժման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև վիրահատության»,- նշել է Կամսար Բաբինյանը։
Ակցիային կարող են մասնակցել միայն երևանաբնակ կանայք՝ անձնագրով ներկայանալով համաբուժարաններ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետը ներկայացրել է նաև 2013 թվականին Երևանի քաղաքապետարանի անցկացրած անվճար բուժօգնության «Ձեզ համար, կանայք» և «Երևանյան ամառ» ակցիաների արդյունքները. այդ 2 ակցիաներից օգտվել է 9800 քաղաքացի, կատարվել է 470 վիրահատություն։ Կամսար Բաբինյանը հավելել է, որ «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում անվճար բուժօգնության ակցիա այս տարի ևս ներառված է։










































