ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը լրագրողներին գաղտնի տվյալներ էր փոխանցել ամերիկյան հատուկծառայությունների կողմից զանգվածային լրտեսման մասին, մարտի 10-ին ելույթ կունենա SXSW (South by Southwest) փառատոնում, որը կանցկացվի Տեխասի Օսթին քաղաքում: Այս մասին ասվում է միջոցառման կայքում՝ փոխանցում է Lenta.ru-ն:
Սնոուդենը ելույթ կունենա ինտերակտիվ համաժողովի շրջանակում՝ նվիրված լրտեսման և համացանցում մասնավոր կյանքի պաշտպանության թեմային: Սնոուդենի հետ քննարկմանը կմասնակցի Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության առաջատար տեխնոլոգ Քրիստոֆեր Սողոյանը: Խոսքը կլինի տեխնոլոգաիական հասարակության վրա համացանցային լրտեսման ազդեցության և զանգվածային լրտեսումից պաշտպանության միջոցների մասին:
Սնոուդենը, որն այժմ գտնվում է Մոսկվայում և թաքնվում ամերիկյան իրավապահ մարմիններին, ելույթ կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով: Ուղիղ հեռարձակումը կկատարվի The Texas Tribune կայքով:
SXSW-ն անցկացվում է Օսթինում ամեն տարի՝ սկսած 1987 թվականից: Այն ներառում է երաժշտական, ինտերակտիվ և կինոփառատոներ, ինչպես նաև կրթության ու բնապահպանության հարցերին նվիրված համաժողովներ:









































