Թուրք ազգայնականները ծայրահեղ մտածելակերպ ունեն և պետական կառավարման համակարգի ուշադրությունից դուրս մնալու դեպքում կարող են վտանգ ներկայացնել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին կառույցների համար:Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:
«Թուրք ազգայնականների՝ Հայաստանում արված լուսանկարները հայ հասարակության կողմից դժգոհությամբ ընդունվեցին, ինչն էլ ցույց տվեց, որ մենք, ինչպեսև թուրքական հասարակությունը, պատրաստ չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման: Միաժամանակ կարծում եմ, որ եթե այս կամ այն անձը Հայաստանի համար ոչ ցանկալի չէ, ապա թեկուզ «Գորշ գայլերի» անդամ լինելով՝ կարող է մուտք գործել մեր երկիր: Սրա մեջ արտառոց ոչինչ չկա»,- ասաց նա:
Անդրադառնալով Էրդողան-Գյուլեն լարված հարաբերություններին՝ թուրքագետը նշեց, որ, ամեն դեպքում, կողմերը փորձում են փոխզիջման գնալ: «Եթե փոխհամաձայնություն ձեռք չբերվի, չի բացառվում, որ Թուրքիայում հեղափոխություն լինի, ինչը, սակայն, այդքան էլ հեշտ չէ: Բացի դրանից՝ եթե Ֆեթուլլահ Գյուլենին հաջողվի պահպանել իր հեղինակությունը, ապա Էրդողանի հակակշիռ ուժ կարող է դառնալ Աբդուլլահ Գյուլը: Ինչ էլ լինի, այս պահի դրությամբ ամենամեծ հեղինակությունն այդ երկրում վայելում է հենց Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ չնայած որ նրա հեղինակությունը վերջին շրջանում բավական ընկել է»,- ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ հնարավոր զարգացումներ է կանխատեսում Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, Մուշեղ Խուդավերդյանը պատասխանեց, որ 2015 թվականից հետո Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի այս հարցում ունեցած իր կարծրատիպերից: «Այդ երկիրը կգնա որոշակի փոխզիջումների, սակայն իհարկե չի ընդունի Ցեղասպանությունը: Փորձագետները կարծում են, որ 2015-ին այդ երկիրը շեշտը կդնի հայկական սփյուռքի դեմ տեղեկատվական պայքարի վրա»,- ասաց թուրքագետը:









































