«2005 թ. սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտություն էր և բացարձակապես պայմանավորված չէր ինչ-որ մարդով»: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե սահմանադրական այն փոփոխությունները, որ արվեցին 2005 թ., իրո՞ք պետք է լուծեին, ըստ կանխատեսումների, Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո Ռոբերտ Քոչարյանի վարչապետ դառնալու հարցը:
Նրանից հետաքրքրվեցինք նաև, թե ներկայիս Սահմանադրությունը այսօր, քաղաքական այս իրավիճակում որքանո՞վ է գործունակ, ինչին ի պատասխան՝ արձագանքեց. «Եթե խորությամբ նայենք Սահմանադրությանը, ապա կհասկանանք, որ 2005 թ. Սահմանդրությունը անհրաժեշտ էր: Ինչո՞ւ. որովհետև այդ Սահմանդրության կետերի մեջ հավասարակշռության, դինամիկայի ստեղծման անհրաժեշտություն կար՝ ԱԺ, կառավարություն, նախագահ հարաբերակցության կոնտեքստում: Այդ ամենը ճշգրտվեց, որոշակի ֆունկցիաներ տրվեցին կառավարությանը, ԱԺ-ին, և դա, կարծում եմ, շատ անհրաժեշտ էր: Իսկ եթե այսօր գործեր հին Սահմանադրությունը, մենք բավական խնդիրներ կունենայինք»:









































