Գլխավոր դատախազությունը հաստատել է նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Արմեն Գևորգյանին և Սեյրան Օհանյանին առնչվող՝ 2008-ի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների քրեական գործով մեղադրական եզրակացությունն ու ուղարկել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Մեղադրյալներից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում։
Թե ինչ ընթացք կստանա դատավարությունը՝ առայժմ բարդ է ասել։ Ավելորդ է, սակայն, նշել անգամ, թե հանրային քաղաքական ինչ հետաքրքրություն կա այս գործի առնչությամբ։ Ուստի գործը պետք է քննվի մաքսիմալ թափանցիկ պայմաններում, որպեսզի հնչող իրարամերժ վարկածների պայմաններում հանրության մեջ հետագայում որևէ կասկած չմնա։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ ուշագրավ զարգացումներ կլինեն նաև դատարանից դուրս: «Գործը միայն իրավական հարթության մեջ չէ, և այդ քրեական գործի շուրջ բավականին ուշագրավ քաղաքական գործընթացներ են լինում։ Հասկանալի է, որ սա շարքային գործ չի լինելու։ Հաշվի առնելով, որ այս քրեական գործի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա ինչպես երկրորդ նախագահի շրջապատում, այնպես էլ Ռուսաստանում, ուստի հասկանալի է, որ գործն իր սովորական ընթացակարգով չի լինելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Բադալյանն ընդգծեց. «Շատ հնարավոր է, որ PR գործընթացներ լինեն, թե ինչպիսին՝ պարզ կդառնա մոտ ապագայում»։
Արդյոք հնարավո՞ր է լինեն ապակայունացնող իրավիճակներ՝ հարցին ի պատասխան Արմեն Բադալյանն ասաց. «Ընդհանրապես Հայաստանում առկա անորոշ իրավիճակն ինքնին ապակայունացնող է, ներքաղաքական օրակարգ գոյություն չունի, և դա շատ վտանգավոր է։ Իսկ թե երկրորդ նախագահի դատական գործն ինչքանով կնպաստի այդ իրավիճակին՝ բարդ է ասել։ Առանց օրակարգի քաղաքական վիճակը, դրան գումարվող երկրորդ նախագահի դատական գործընթացը, ինչպես նաև Ռուսաստանում կալանավորված ԴԱՀԿ նախկին ղեկավարը իրենց ներդրումը կունենան առաջիկա զարգացումներում։ Իշխանությունների համար ապակայունացումը մի իրավիճակ է, երկրորդ նախագահի շրջապատի համար՝ բոլորովին այլ հասկացություն»։
Բադալյանի դիտարկմամբ՝ կարող են լինել բողոքի տարբեր միջոցառումներ, ինչպես նաև կօգտագործվի ռուսական պրոպագանդան. «Ռուսական հեռուստաընկերության մեկ հաղորդումը շատ ավելի մեծ ազդեցություն կունենա Հայաստանի քաղաքական օրակարգի վրա, քան երկրորդ նախագահի սակավաթիվ կողմնակիցների բողոքի ցույցը։ Չեմ կարող ասել՝ ինչպես, բայց այս պահի դրությամբ նա կողմնակիցների մեծ բանակ չունի, ուստի բողոքի միջոցառումները քաղաքական գործընթացներում ցնցումներ չեն առաջացնի։ Բայց գործը կառնչվի Ռուսաստանի հետ, և գաղտնիք չէ, որ ռուսական կողմը պահանջում է նրա ազատ արձակումը։ Քոչարյանին աջակցող լրատվամիջոցները կարող են իրենց գործողություններն իրականացնել, հանրապետականները ևս կարող են երևացող ու չերևացող գործընթաց ծավալել։ Քաղաքական գործընթացի ժամանակ թե ինչ PR տեխնոլոգիաներ կիրականացնեն՝ ոչ ոք ասել չի կարող»։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանը չի կարծում, թե Քոչարյանն ունի կողմնակիցների այնպիսի մեծ բանակ, որոնք կհավաքվեն ու կսկսեն գոռալ «Ազատությո՛ւն մեր հերոս Քոչարյանին»։ Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես ավելի շատ հակված եմ ուշադիր հետևելու ռուսական մամուլի արձագանքներին։ Ցավոք սրտի, այսօր եղանակ ստեղծողը նրանք են՝ մասնավորապես հենց այդ գործի շուրջ։ Մարտի 1-ի բացահայտումը տրամաբանորեն իր հետևից բերելու է նաև Հոկտեմբերի 27-ի բացահայտման։ Իսկ այստեղ, շատերի կարծիքով, և ես միանում եմ այդ կարծիքին, ռուսների «մատը խառն է»»։
Մեր զրուցակիցը հավելեց. «Տեսնո՞ւմ եք՝ մինչ այսօր Միհրան Պողոսյանին չեն արտահանձնել, և դեռ հայտնի չէ, թե երբ են արտահանձնելու։ Չի բացառվում, որ Միհրան Պողոսյանը կարող է օգտագործվել որպես քաղաքական սպեկուլյացիայի առարկա, ես դա չեմ բացառում»։
Ըստ մեր զրուցակցի՝ դատավարությանը զուգահեռ ապակայունացնող գործընթացներ չեն ծավալվի. «Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ներգրավված մարդիկ որևէ հեղինակություն չունեն մեր երկրում։ Ոչ միայն հեղինակություն չունեն, նրանք մեր երկրի հասարակության ճնշող մեծամասնության մեջ ուղղակի զզվանք են առաջացնում։ Տասնամյակներ շարունակ մեր ժողովուրդն ապրել ու տանջվել է սրանց իշխանության օրոք ու շատ լավ գիտի, թե նրանք իրենցից ինչ են ներկայացնում։ Նրանք, ովքեր ներգրավված են այդ գործի շրջանակներում, մարդակերներ են, հանցագործներ»։










































