Մեքսիկական ոստիկանությունը ձերբակալել է Խեսուս Էնրիկե Ռեխոնա Ագիլարային, որը թմրադեղերի վաճառքով զբաղվող «Զետաս» խմբավորման ղեկավարներից մեկն է: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:
Ինչպես երկուշաբթի օրը՝ հուլիսի 4-ին, հայտարարել են Մեքսիկայի իրավապահ մարմինների ներկայացուցիչները, Ռեխոն Ագիլարան ձերբակալվել է կիրակի օրը Մեխիկո նահանգում: «Զետաս» խմբավորման անդամի ձերբակալության մասին մանրամասնություններ չեն հայտնվում, միայն տեղեկություն կա, որ ձերբակալությունը հնարավոր է եղել իրականացնել առանց որևէ կրակոցի:
Խեսուս Էնրիկե Ռեխոնա Ագիլարան «Զետաս»-ի հիմնադիրներից մեկն է և այդ խմբավորման երրորդ մարդը՝ ըստ կարևորության: 2009 թ. ԱՄՆ-ում հայտարարել էին, որ նրա ձերբակալությանը նպաստող տեղեկություններ տրամադրելու համար կտրվի 5 մլն դոլար, ևս 2.5 մլն դոլար խոստանում էին Մեքսիկայի իշխանությունները:
Մեքսիկայի իրավապահ մարմինների տվյալներով՝ Ռեխոն Ագիլարան մասնակցություն է ունեցել 2011 թ. մարտին ԱՄՆ իմիգրացիոն և սահմանապահ ծառայության ոստիկանության աշխատակից Խայմե Սապատայի սպանության մեջ: Զրահապատ մեքենան, որի մեջ գտնվել են Սապատան և նրա գործընկեր Վիկտոր Ավիլան, կրակահերթի տակ է ընկել Սան-Լուիս Պոտոսի նահանգի մայրուղու վրա: Սապատան մահացել է տեղում, իսկ Ավիլան ծանր վնասվածքներ է ստացել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը:
Ամերիկացի գործակալների վրա հարձակումից հետո Մեքսիկայում ձերբակալվել է «Զետասի» ավելի քան 10 անդամ: «Զետասի» երրորդ դեմքի ձերբակալության մասին լուրը հայտնվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի իշխանությունները կոչ են արել իրենց քաղաքացիներին զերծ մնալ մեքսիկական Նուևո Լարեդո այցելելուց:
Նուևո Լարեդոյին սահմանակից Տեխաս նահանգի ոստիկանությունը հավաստի տեղեկություն է ստացել, որ «Զետաս» խմբավորումը հարձակումներ է նախատեսում ԱՄՆ քաղաքացիների վրա, որոնք այդ քաղաք են գալիս հանգստյան օրերին:









































