Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց ի՞նչ հաջողությունների կամ ձեռքբերումների մասին կարող ենք խոսել, որքանո՞վ էր այն կանխատեսելի կամ օրինաչափ. «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան՝ Վրաստանում գտնվող «Ալիք մեդիայի» գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն ասաց, որ կարծում է՝ «շատ ու շատ մենթալիտետային փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք դեռևս չեն մարսվել»: Ամենակարևորը, նրա կարծիքով, այն է, որ գոյություն ունեցող շատ ստերեոտիպեր այս փուլում ջարդվել են:
«Ո՞րն է այն ազդակը, որ հնարավորություն կտա ասել, որ ժողովրդավարական փոփոխությունների գործընթացը մեր երկրում սկսվել է և անշրջելի է» հարցին Ա. Խառատյանը, մասնավորապես, պատասխանեց. «Ամենամեծ փորձաշրջանը լինելու են հաջորդ ընտրությունները, որովհետև այս ռեֆորմները անխուսափելիորեն արժենալու են քաղաքական կապիտալ և հեղինակություն: Այսինքն՝ այսօրվա իշխանությունը, քանի որ ցավոտ ռեֆորմներ է անում և անելու է, կորցնելու է որոշակի հեղինակություն: Որովհետև մարդիկ են նեղվելու, մարդիկ են աշխատանք կորցնելու, այսպես թե այնպես՝ ինչ-որ մեկի ոտքին ես բարձրանալու… Եվ ժամանակը ցույց կտա, որ դրա կամքը կա»:
Ինչպիսի՞ն են ներկայիս իշխանության ռեֆորմների նախագծերը, որքանո՞վ կարելի է դրանք համակարգային համարել: «Կառուցվածքային փոփոխությունները, մասնավորապես, կառավարության օպտիմալացման մեծ նախագիծը, կարծում եմ, գուցե պիտի հանրային ավելի լայն քննարկումների տիրույթում հայտնվի և պիտի հայտնվեր, և այստեղ անելիք կա: Կան տեղեր, որտեղ ես համաձայն եմ՝ ինչ է արվում, կան տեղեր, որտեղ ես էլ չեմ համաձայնում և իմ անհամաձայնություններն ասում եմ, բայց թող փաստարկները հաղթեն, թող կռվանները հաղթեն: Մեծ հաշվով՝ կենսունակությունը ապացուցվելու է հընթացս՝ այդ փոփոխությունների արդյունքում»,- ասաց Ա. Խառատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։








































