Ռուսաստանը և Թուրքիան մի շարք համատեղ նախագծեր են իրականացնում ավիացիոն և ուղղաթիռային տեխնիկայի, ինչպես նաև զրահատանկային տեխնիկայի համալրող մասերի մշակման բնագավառում: Այդ մասին ապրիլի 29-ին հայտնել է «ՌոսօբորոնԷքսպորտ»-ը:
«Մենք մի շարք համատեղ նախագծեր ունենք հեռանկարային ավիացիոն և ուղղաթիռային համալիրների, զրահատանկային տեխնիկայի համալրող մասերի մշակման, մատակարարված սպառազինության հետագա սպասարկման վերաբերյալ»,- մամուլի ծառայությունը մեջբերել է ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի խոսքը: Նրա խոսքով՝ Թուրքիան նաև հետաքրքրություն է ցուցաբերում ռուսական նորագույն մարտական մոդուլների, հակաօդային պաշտպանության միջոցների և հակատանկային համալիրների նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: