Բրիտանացի դերասան Ջեյմս Նորթոնը, որն առավել հայտնի է Ալեքս Գոդմանի դերով «Մաքմաֆիա» սերիալից, անբուժելի հիվանդ է: Այս մասին Ջեյմս Բոնդի դերի 33-ամյա թեկնածուն պատմել է Dailymail-ին: Նորթոնի խոսքերով, նա իր ախտորոշման մասին իմացել է 10 տարի առաջ:
Ջեյմսը տառապում է 1 տիպի շաքարային դիաբետով: Նա պատմել է, որ այս հիվանդությամբ ապրելն ու աշխատելը շատ բարդ է:
«Նման ախտորոշմամբ հեշտ չէ խաղալ թատերական բեմադրություններում, որտեղ պետք է մեկուկես ժամ բեմում լինես: Նման դեպքերում, երբ զգում եմ, որ սկսում եմ ցնցվել, իմպրովիզ եմ անում. քայլում եմ բեմում, մի պահ անցնում կուլիսներից այն կողմ, բերանս մի քանի հաբ նետում և վերադառնում բեմ, որից հետո շարունակում եմ խաղալ, կարծես ոչինչ չի եղել»,- ասել է դերասանը հարցազրույցում:
Ջեյմս Նորթոնի ընտանիքում շաքարախտը սովորական երևույթ է: Բրիտանացին ասել է, որ իրենց ընտանիքում միայն հայրը չի տառապում այդ հիվանդությամբ:
Ախտորոշման պատճառով դերասանը ստիպված է մշտապես վերահսկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, հակառակ դեպքում, յուրաքանչյուր պահի կարող է կորցնել գիտակցությունը և նույնիսկ կոմայի մեջ ընկնել: Այնուամենայնիվ, Նորթոնը չի հանձնվում և օրական մոտ 15 անգամ ինսուլին է ներարկում ինքն իրեն:
10 տարիների ընթացքում Ջեյմսն այնքան է ընտելացել հիվանդությանը, որ այն գերուժ է համարում: «Իմ ախտորոշման շնորհիվ ես գիտեմ, թե ինչ են զգում ոչ միայն դիաբետիկները, այլ բոլոր նրանք, ովքեր որևէ հիվանդություն ունեն, ինչը տարբերում է նրանց այլ մարդկանցից: Դա մեծապես ընդլայնում է հնարավորությունները», – ասել է հեռուստաաստղը:










































