Նիգերիայի հյուսիս-արևելքում «Բոկո Հարամ» իսլամիստական կազմակերպության զինյալների հարձակման ու կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 85 մարդ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:
Կրկնակի ահաբեկչությունը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան՝ Մայդուգուրի քաղաքում: 2 րոպեի տարբերությամբ պայթյունները տեղի են ունեցել շուկայի հրապարակներից մեկում, որտեղ մարդիկ հավաքվել էին՝ հեռուստացույցով դիտելու ֆուտբոլային խաղը:
Վերջին տվյալներով՝ կրկնակի ահաբեկչության զոհ է դարձել 46 մարդ: Գործակալության տվյալներով՝ պայթյունների հետևում կանգնած են «Բոկո Հարամի» գրոհայինները:
Եվս 39 մարդ զոհվել է շաբաթ օրը Մայնոկ գյուղի վրա իսլամիստների հարձակման հետևանքով: Ականատեսների հաղորդմամբ՝ զինյալները ներխուժել են գյուղ ու կրակ բացել: Հարձակման հետևանքով գրեթե բոլոր գյուղական տներն այրվել են:
«Բոկո Հարամի» գրոհայինները ձգտում են շարիաթի օրենքները հաստատել ամբողջ երկրում:










































