Գեղանկարիչ Ալեք Ալեքյանը, ով նաև Նկարիչների միության անդամ է, իր լավագույն ցուցասրահը համարում է Վերնիսաժը: «Գնացեք ցուցասրահներ մտեք, մարդ չեք տեսնի: Կարող էին երեխաների ձեռքը բռնել, տանել կրթելու, պատկերասրահ տանել, բայց այստեղ ավելի շատ են այցելուները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա:
Նկարիչն ասում է, որ այգում ցուցադրվում է այն, ինչ նկարում են, հատուկ Վերնիսաժի համար չեն նկարները, այնուամենայնիվ փաստում է, որ Վերնիսաժում կանգնելով` շատ նկարիչներ լուծում են առօրյա խնդիրներ, գումար են վաստակում ներկերի, կտավի, ընտանիքի ծախսերը հոգալու համար. «Աշխարհում չկա մի նկարիչ, որի նկարները և՛ արվեստ, և՛ ապրուստի միջոց եղած չլինեն: Բոլորը պատվերներ են կատարել, իհարկե, մեծ արվեստի խնդիրներ են լուծել, բայց վճարվել են: Այսօր էլ բիզնեսի, առևտրի միջոց է»:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում կատարվող առևտրին, ապա նա ասաց, որ «տեղի հանդիսատեսն» է քչացել, այցելուները հիմնականում դրսից են գալիս. «Երկիրը լավ է, երբ քո ներսի պոտենցիալն է շատ, բայց, ցավոք սրտի, դա այդպես չէ: Անկախ մարմին չէ նկարչությունը. եթե մի բան լավ չէ, նկարչի գործն էլ լավ չէ»:
Մանրամասները դիտեք տեսանյութում:









































