Վերջին օրերին ՄԱԿ-ը և նրա գործընկերները մարդասիրական օգնություն են հասցրել Սիրիայի մի շարք շրջաններ՝ հիմնականում սննդամթերք և դեղորայք: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկիին:
Նրա խոսքերով՝ չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի՝ փախստականների հարցերով բաժինը օդային ճանապարհով 31 տոննա մթերք է հասցրել Դամասկոսի հյուսիսարևելյան Ղամըշլու քաղաք՝ Թուրքիայի հետ սահմանին: «Դրանք դեղորայք, 250 հազար մարդու համար նախատեսված պատվաստանյութեր, բժշկական սարքավորումներ և տաք իրեր են»,- ասել է Նեսիրկին:
Նա նաև հայտնել է, որ հինգշաբթի օրը ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով աշխատակիցները կարողացել են «սահմանափակ թվով սննդամթերք» հասցնել նաև պաղեստինցի փախստականների Յարմուկ ճամբար: Նեսիրկիի խոսքերով՝ «խումբը ստիպված է եղել լքել ճամբարը, երբ լուրեր են ստացվել օգնության բաժանման վայրում փոխհրաձգության մասին»:









































