«Մարտի 1-ին դուրս արի փողոց» ֆեյսբուքյան նախաձեռնությունը համացանցում հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Մարտի 1-ին նախաձեռնության անդամները հավաքվում են Մյասնիկյանի արձանի մոտ, ապա շարժվում Գրիգոր Լուսավորիչի փող․-Պարոնյան- Պռոշյան-Բաղրամյան 26:
Հաղորդագրության մեջ նշվում է. «Վեց տարիների ընթացքում, չնայած բազմաթիվ պաշտոնական հավաստիացումներին և հայտարարություններին, Սերժ Սարգսյանի վարչակազմը ոչ մի իրական գործողություն չի կատարել Մարտի 1-ի մարդկության դեմ հանցագործության քննության ուղղությամբ՝ ակնհայտորեն հովանավորելով հանցագործության կատարման մեջ պատասխանատու անձանց:
Մինչ օրս ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության:
Մարտի 1-ի հանցագործությունների կոծկումը հանգեցրեց Հայաստանում քաղաքական, տնտեսական, սոցիալական ճգնաժամի առավել խորացմանը, արտագաղթի ծավալների մեծացմանը և արտաքին քաղաքականության ձախողմանը:
Վերջինիս գագաթնակետը հանդիսացավ Սերժ Սարգսյանի 2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը` միանալու Մարտի 1-ի հանցագործությունը հովանավորած և աջակցած Վլադիմիր Պուտինի կողմից կառավարվող Մաքսային Միությանը:
Առանց Մարտի 1-ի իրավական գնահատականի Հայաստանի Հանրապետությունում չի կարող ապահովվել իրավունքի գերակայության սկզբունքը, ժողովրդավարական ինստիտուտների բնականոն գործունեությունը և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի վերականգնումը:
Սույն հայտարարությամբ, դատապարտելով 2008 թվականի Մարտի 1-ի մարդկության դեմ իրականացված հանցագործությունը, պահանջում ենք միջազգային կառույցներից հետևողականություն դրա արդյունավետ քննությունը խթանելու և մարդու իրավունքների ու ժողովրդավարական ինստիտուտների դեմ կազմակերպված հանցագործություններին իրավական գնահատական տալու համար:
Նշենք, որ նախաձեռնության մասնակցելու են ներկայացուցիչներ հետևյալ կազմակերպություններից՝
Լրագրողների Ասպարեզ ակումբ
Թրանսփարենսի ինթերնեյշնլ Հայաստան
Քաղաքացիական գիտակցություն հասարակական կազմակերպություն
Հեսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտե







































