«Ես կարծում եմ, որ այն, ինչ որ Արմենն ասաց արևմտյան արժեքները կրող նախարարին, շատ մեղմ էր: Ի՞նչ է նշանակում՝ ղալաթ են արել. սա խարան դրեց բոլորի վրա»,- անդրադառնալով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հասցեին հնչեցրած «չաթլախ» արտահայտությանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով՝ առաջին անգամը չէ, որ իրենց թույլ են տալիս ընդդիմադիր ուժերի հասցեին այսպես արտահայտվել և, ըստ էության, Արմեն Ռուստամյանի համբերության բաժակը լցվել է. «Ես Արմենին շատ լավ եմ ճանաչում, նա իմ դասընկերն է եղել, գերազանց ավարտել է դպրոցը, Մոսկվայում համալսարան է ավարտել, իմ երկու երեխաների կնքահայրն է: Համբերության բաժակը լցվել է, որ նման բան է ասել: Ես վստահ եմ, որ խիստ մեղմ է արտահայտվել»,- ասաց նա:
Շարունակելով իր միտքը՝ բանախոսն ասաց. «Ես Արմենի անունից կարող եմ Հրայրի թոռներից ներողություն խնդրել, որովհետև վաղը-մյուս օրը նրանց երեսով են տալու, թե՝ պապդ ի՞նչ էր արել, որ նման բառ ասացին իր հասցեի»:
Նա անդրադարձավ նաև երկրորդ նախագահի՝ Մաքսային միության վերաբերյալ տնտեսական վերլուծությանը և ասաց, որ շատ տեղին էր նրա պատասխանը հիմա. «Երբ անմիջապես արձագանքեց առաջին նախագահը, նրան մեղադրեցին ռուսամետության մեջ, կարծում եմ՝ այսքան ուշ վերլուծությունը շատ տեղին էր: Ես կարևորում եմ հատկապես հետգրությունը, երբ նա խորհուրդ է տալիս քննադատողներին՝ ևս մեկ անգամ կարդալ»:
Լուսանկարը՝ Photolure-ի








































