Պաղեստինցիները հերքել են Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները երկարաձգելու հավանականությունը նախորդ տարի հաստատված ինն ամսվա ավարտից հետո՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Մենք հրաժարվում ենք շարունակել բանակցությունները ապրիլի 29-ից հետո»,- լրագրողներին հայտարարել է Պաղեստինի պատվիրակության ղեկավար Սայիբ Արիկատը:
Պաղեստինյան կողմն այսպիսով բացասական արձագանք է տվել չորեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ենթադրությանն այն մասին, որ կողմերը մինչև ապրիլի 29-ը կգան շրջանային համաձայնագրի, իսկ պաղեստինա-իսրայելական կարգավորման վերջնական փաստաթղթի մշակման և հաստատման համար կպահանջվի ևս 9 ամիս և նույնիսկ ավելի ժամանակ:
«Ապրիլի 29-ից հետո բանակցությունների երկարաձգումը գոնե մեկ ժամով ոչ մի բանի չի հանգեցնի, ժամանակի անօգուտ վատնում է՝ հաշվի առնելով այն, որ Իսրայելը շարունակում է ոտնահարել միջազգային իրավունքը»,- ընդգծել է Պաղեստինի ղեկավարության ներկայացուցիչը:









































