ԵԽԽՎ լիագումար նիստում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավման ինստիտուտի ներդրմանը:
«Մենք հիմա Հայաստանում քննարկումների մեջ ենք, թե արդյոք մեր երկրի համար կարո՞ղ է ընդունելի լինել առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագրավման ինստիտուտի ներդրումը: Եվ սրա հետ կապված Հայաստանում կան բավականին լուրջ մտահոգություններ, նաև նախկին կառավարության ներկայացուցիչների շրջանում: Ես կարևոր եմ համարում արձանագրել, որ այս պրակտիկան ոչ միայն միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, այլև, ըստ էության, 2015 թվականից գտնվում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի առաջ: Ես ուզում եմ հիշատակել, որ այդ մեխանիզմի մասին հիշատակում կա «Հանցավոր ճանապարհներով ստացված եկամուտների լվացման, հետախուզման առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում, «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայում և այս մեխանիզմի վերաբերյալ Հայաստանը որոշակի պարտավորություններ է ստանձնել Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից 2015 թվականին:
Անկեղծ ասած, անձամբ իմ տեսակետից՝ դա մի մեխանիզմ է, որ Հայաստանում իսկապես կարող է և պետք է կյանքի կոչվի, բայց ինչպես ասացի՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և այստեղ որոշումները միանձնյա չեն կայացվում, և այս ինստիտուտի վերաբերյալ մենք պետք է ունենանք լայն քննարկումներ և այդ քննարկումների արդյունքում պետք է կայացնենք որոշում, և, իհարկե, շատ օգտակար կլինի նաև այս հարցում Եվրոպայի խորհրդի հետ մեր համագործակցությունը, որպեսզի, քավ լիցի, հանկարծ որևէ մեկը չփորձի սա մեկնաբանել կամ օգտագործել որպես հետապնդումների գործիք, որովհետև այդ էջը մեր երկրում, ինչպես արդեն ասացի, անշրջելիորեն փակվել է»,- ասաց վարչապետը՝ պատասխանելով ԵԽԽՎ պատգամավորներից մեկի հարցին, թե ինչպես է պատկերացնում գույքի առգրավման գործընթացի դյուրացման ճանապարհին միջազգային գործընկերների հետ համագործակցությունն այս ոլորտում՝ միջազգային լավագույն փորձի կիրառման առումով:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը շատ կարևոր է համարում ԵԽԽՎ հարթակում այս հարցը բարձրացնելը։ Նրա խոսքով՝ մի բան էլ այդ ինստիտուտի ներդրումն ուշանում է։ Հարկավոր է անհապաղ օրենք մշակել, ընդունել և արդեն սկսել կիրառել:
«Պետք է հստակ իրավական մեխանիզմներ ընդունվեն, օրենքներ, որ այն գույքը, որի ձեռք բերման օրինականության նկատմամբ կա կասկածանք, ապա օրենքի ուժով հարց է բարձրացվում գույքը տնօրինողին կամ սեփականատիրոջը, որպեսզի նա ներկայացնի դրա օրինականության վերաբերյալ փաստաթղթեր։ Եվ եթե չեն ներկայացնում, ապա դատարանի վճռով գույքը վերադարձվում է պետությանը։ Կրկնում եմ՝ պետք է արագ օրենք ընդունել և ներդնել ինստիտուտը, ոչ թե առանց օրենքի, ասենք, Սաշիկ Սարգսյանին թույլ տալ, որ պետությանը նվերներ անի։ Օրենքի ուժով իր գույքի օրինականությունը հիմնավորել չկարողանալու դեպքում դատարանի որոշմամբ նրանից պետք է առգրավվեր գույքը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սաքունցը՝ հավելելով, որ այն տեղավորվում է անցումային արդարադատության տրամաբանության մեջ. առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը անցումային արդարադատության կարևորագույն օղակներից մեկն է:
«Բայց, ցավոք սրտի, և՛ անցումային արդարադատությունն ենք ուշացնում, և՛ սա»,- ընդգծեց իրավապաշտպանը։
Մեր դիտարկմանը՝ նախկին իշխանության ներկայացուցիչները խնդիր են տեսնում այս ինստիտուտի ներդրման հարցում և նշում են, որ դրա ներդրումից հետո ՄԻԵԴ-ը կողողվի սեփականության իրավունքի խախտման մասով բողոքներով, Սաքունցը նկատեց. «Եթե խոսքը վերաբերում է նախկին իշխանություններին, ապա պետք է ցիտեմ վարչապետին՝ թող հանգիստ նստեն տեղները։ Իրենք, իհարկե, ունեն մտահոգվելու պատճառ, քանի որ իրենք են պատասխանատու թե՛ պետության զավթման, թե՛ հանրային ռեսուրսների, թե՛ հանքային ռեսուրսների, տնտեսության զավթման համար, որի արդյունքում իրենց իշխանության մի շարք ներկայացուցիչներ կամ նրանց հովանավորյալները աստղաբաշխական չափի գույք են ձեռք բերել։ Եվ հիմա թող չփորձեն գողացածը, թալանածը սեփականության իրավունքով պաշտպանել։ Չի լինելու նման բան։ Թող հանգիստ վեր ընկնեն տեղները»։
Իրավապաշտպանի խոսքով՝ այն, որ հիմա նախկին իշխանությունների ներկայացուցիչները թույլ են տալիս գողացածի ու թալանածի մասին խոսել սեփականության իրավունքի անվան տակ, դա անցումային արդարադատության հայեցակարգի բացակայության արդյունք է։
«Անկախ դատավոր» ՀԿ նախագահ, նախկին դատավոր Պարգև Օհանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանն առնչվող վարչապետի դիտարկումներին՝ նկատեց, որ դա շատ լուրջ ինստիտուտ է, և այն ներդնելուց առաջ պետք է տարբեր երկրների փորձն ուսումնասիրվի լրջորեն, ապա կատարվեն օրենսդրական համապատասխան փոփոխություններ, դրա մասին հատուկ օրենք ընդունվի:
«Բայց, այո, վարչապետը ճիշտ է նկատել, որ դրա հիմքում ՄԱԿ-ի կոնվենցիան է: Նաև կա, այսպես ասած, Լեհաստանի կոնվենցիան: Պետք է հստակ ընդգծել, որ խոսքն այն դեպքերի մասին է, երբ հնարավոր չէ այլ կերպ գույքի բռնագանձում իրականացնել: Այդ մարդը մահացել է կամ թաքնվում է քննությունից, իսկ նրա կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը հայտնի է: Սա առանձին դեպքերում է կիրառվում: Ընդ որում, երբ ասվում է, որ դա իրականացվում է առանց մեղադրական դատավճռի, շատերին թվում է, թե դա արվում է առանց որևէ դատական ակտի: Խոսքը քաղաքացիական դատավարության կարգով իրականացվող գույքի բռնագանձման մասին է: Այսինքն՝ այս դեպքերով պետությունն ինքն է հանդես գալիս որպես հայցվոր, դիմում է դատարան, իսկ պատասխանողի դերում էլ հանդես է գալիս ոչ թե անձը, այլ, այսպես ասած, գույքը: Արդյունքում քաղաքացիական դատավարության կարգով կայացված դատական ակտի հիման վրա բռնագանձում է տարածվում համապատասխան գույքի վրա»,- նկատեց Օհանյանը։









































