«Տորինո»-ի հարձակվող Չիրո Իմոբիլեն, ում տրանսֆերային իրավունքների մի մասը պատկանում է «Յուվենթուս»-ին, հայտնվել է Դորտմունդի «Բորուսիա»-ի հետաքրքրությունների շրջանակում: Այս մասին հայտարարել է Մարկո Սոմելան` ընթացիկ մրցաշրջանում 13 գոլ խփած ֆուտբոլիստի գործակալը:
«Այս պահի դրությամբ մեզ դիմել է միայն Դորտմունդի «Բորուսիա»-ն: Այդ ակումբի սկաուտները մի քանի անգամ հետևել են Իմոբիլեի ելույթներին: Նման հետաքրքրությունը ցույց է տալիս, թե ֆուտբոլիստն ինչպիսի աճ է գրանցել: Նա երազում է Իտալիայի հավաքականի կազմում աշխարհի առաջնություն մեկնելու մասին: Իսկ հունիսին մենք կորոշենք, թե ինչ անենք ապագայում»,- Սոմելայի խոսքերը մեջբերում է Fantagazzetta.com-ը:
Հիշեցնենք, որ ամռանը գերմանական ակումբից հեռանալու է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով համալրելու է Մյունխենի «Բավարիա»-ի շարքերը: «Բորուսիա»-ի ղեկավարությունը նրան փոխարինողի դերում դիտարկում է բազմաթիվ ֆուտբոլիստների թեկնածություններ:







































