Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ով վերջերս «կրկնակի պատասխանատվությամբ» սպառնաց այն գործատուներին, ովքեր հաշվարկել են աշխատակիցների կուտակային կենսաթոշակի գումարները, սակայն գումար չեն փոխանցել, հրաժարվում է պատասխանել մեր հարցին, թե արդյոք չի՞ գտնում, որ դեմ է գնում Սահմանադրությանը և օրենքներին՝ մինչ ՍԴ որոշումը տուգանքներով գործատուներին սպառնալով:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը մեր թերթի հետ զրույցում ասել էր, որ «ՀՀ օրենքների, նաև սահմանադրական համապատասխան սահմանումներին դեմ է» մինչ ՍԴ որոշումը տուգանքների մասին խոսելը, «որովհետև որևէ գործատու, որևէ վճարող անձ իրավունք չունի երեք ամիս առաջվա աշխատավարձից պահումներ կատարել: Դա արգելված է օրենքով»:
Թե ինչու է լռում նախարարը, դժվար չէ կռահել, քանի որ «կրկնակի պատասխանատվության» վերաբերյալ նախարարի սպառնալիքը ուղիղ առնչություն ունի քաղաքացիների իրավունքների հետ: Ավելի կոնկրետ՝ դրանց ոտնահարման:
Հիշեցնենք, որ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը օրերս հայտարարեց, թե «գործատուների ճնշող մեծամասնությունը, գրեթե 99 տոկոսը, արդեն հաշվարկել է գումարները և արդեն պահումներ կատարել իրենց աշխատակիցների աշխատավարձերից: Համաձայն օրենսդրության՝ դրանից հետո նրանք պարտավոր են գումարը փոխանցել գանձապետարանում բացված միասնական հաշվին: …Այս առումով գործատուները կարող են ենթարկվել կրկնակի պատասխանատվության»:
Մեր գրավոր հարցմամբ նախարարին նաև խնդրել էինք նշել, թե կոնկրետ ո՞ր օրենքով է գործատուին «կրկնակի պատասխանատվություն» սպառնում, եթե նա մինչ ՍԴ որոշումը չի կատարում վճարում, քանի որ բազմիցս հայտարարվել է, որ «վճարումներ չկատարելու համար պատասխանատվությունը կասեցված է ՍԴ որոշմամբ»: Այս առթիվ պատասխան ևս չստացանք:
Սահմանադրական դատարանի՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կասեցման որոշումից հետո իշխանությունը հայտարարում էր, որ կուտակայինի գումարները չփոխանցելը պատասխանատվություն չի առաջացնում: Անգամ գործատուներին նման կերպ էին պատասխանում ՊԵԿ-ից:
«Առաջին լրատվական»-ի խմբագրություն դիմած գործարարները համոզված են, որ կառավարությունն այդպիսով ընտրել է «շանտաժի մեթոդ», որով պետություն-աշխատող խաղի մեջ է ներքաշում այլ սուբյեկտ` գործատուին, որը տվյալ դեպքում շահագրգռվածություն չունի, քանի որ ինքն այդ գումարը կամ տալիս է աշխատակցին, կամ պետությանը: «Պետությունն առնվազն գործատուին դրդում է դեմ գնալ աշխատակցի շահերին և կամքին, քանի որ այս պահին աշխատակիցը չունի որոշում կամավոր միանալու համակարգին, սակայն եթե գործատուն նրա աշխատավարձից փոխանցում կատարեց, ավտոմատ կերպով իր աշխատակիցներին ներգրավում է այդ համակարգի մեջ, և աշխատողն այլևս կորցնում է իր իրավունքը` հետագայում հետ կանգնելու կուտակային համակարգից»,- ասաց մեզ դիմած մի գործարար, ով չցանկացավ ներկայանալ: Նրա խոսքերով` տվյալ դեպքում գործատուին մեղադրել աշխատողի աշխատավարձի տոկոսը հաշվարկելու, պահելու և դրանով «եկամուտ աշխատելու» մեջ, առնվազն շանտաժի մեթոդ է:
Մեզ դիմել են նաև գործատուներ, որոնց աշխատակիցները դիմումներ են գրել՝ խնդրելով չանել պահումներ: Նախարարին նաև հարցրել էինք, թե այդ դեպքում, ինչպե՞ս պիտի վարվի գործատուն: Այս հարցը ևս անպատասխան մնաց:










































