Ապրիլի 11-ին ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների շրջանակում սենատոր Ռոբերտ Մենենդեզը անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Մասնավորապես՝ նա հարց է ուղղել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Դեյվիդ Մայքլ Սաթերֆիլդին․ արդյոք նա ճանաչում է 1915-1923-ին Օսմանյան կայսրությունում հայոց ջարդերը։
Մենենդեզը դրական պատասխան է տվել՝ ասելով, որ ճանաչում է այդ փաստը։ Սակայն վերջինը խուսափել է այն ցեղասպանություն անվանելով՝ ընդգծելով․
«Նախագահը հայտարարել է, որ դա 20-րդ դարի ամենասարսափելի դաժանություններից էր, և ես միանում եմ այդ հայտարարությանը։ Նախագահի դիրքորոշումն ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումն է»։
Մենենդզի հարցին՝ արդյոք Սաթերֆիլդը ճանաչում է այն, որ 1915-ին Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի դաշնակից ուժերը առաջին անգամ Օսմանյան կայսրությանը մեղադրել են մարդկության և քաղաքակրթության դեմ հանցանք գործելու մեջ։ Իսկ Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն հայտարարել է, որ հայերին արտաքսելու հրամանը եղել է «ամբողջ ազգի մահապատժի հրաման»։
«Ես տեղյակ եմ այդ հայտարարությունից»,-արձագանքել է Սաթերֆիլդը՝ ընդգծելով, որ ինքը պատմաբան է։
«Սա դիվանագիտական խաղի է նման»,-ասել է Մենենդեզը՝ հավելելով, որ անգամ ԱՄՆ-ի Ողջակիզման թանգարանը, որպես միջկառավարական հաստատություն, ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը, սակայն պետական այրերն ի զորու չեն արտասանել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը։
«Մենք չենք կարող շարժվել դեպի ապագա, եթե չճանաչենք անցյալը»-եզրափակել է նա։




































