64-ամյա ուկրաինացի բռնապետը կենակցել է 39-ամյա կնոջ հետ՝ գրում է Նիկոլա Լոմբարդոցին La Repubblica-ում հրապարակված հոդվածում:
«Չէին բավականացնում միայն ռուսական ռազմանավերն ու գաղտնի ընտանիքի գոյության մասին գաղտնազերծումները՝ ավարտին հասցնելու «փախստական բռնապետի» դասական դիմանկարը»,- գրում է հոդվածագիրը:
Վիկտոր Յանուկովիչին, ում փնտրում են ոստիկանությունն ու գաղտնի ծառայությունները, որոնք դեռևս երկու օր առաջ աշխատում էին նրա ձեռքի տակ, վերջին անգամ տեսել են Բալակլավայի և Սևաստոպոլի միջև: Տապալված նախագահին ուղեկցում է 15 հոգանոց խումբը, որը հավատարիմ է մնացել Յանուկովիչին: Նա անջատել է բոլոր հեռախոսները, որպեսզի նրա բանակցությունները հնարավոր չլինի որսալ: Շշուկներ են պտտվում, որ Մոսկվան արդեն նախապատրաստել է ծովային միջոցներ՝ Յանուկովիչին անվտանգ վայր տեղափոխելու համար: Ռուսաստանը հերքում է այդ շշուկները, և այժմ թվում է՝ Պուտինը միակն է, ով կարող է վճռել Յանուկովիչի ճակատագիրը՝ օգնելով կամ լքելով նրան՝ ասվում է հոդվածում:
Իսկ ահա Կիևում հաղթանակած մայդանցիները նախընտրում են կենտրոնանալ Յանուկովիչի անձնական կյանքի վրա: Անկախ կայքերից մեկում հայտնվել է տեղեկություն Յանուկովիչի երկակի կյանքի մասին: «Մեժիգորյե» տուն-պալատում 64-ամյա նախագահն ապրել է 39-ամյա կնոջ հետ, ով 10-ամյա դուստր ունի: Այդ փաստը հաստատվել է շքեղ նստավայրի սենյակների մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում, որը բացվել էր հանրության համար:
Լյուբով Պոլեժայն ապրել է նախագահի սենյակին կից սենյակում, այնտեղ նա թողել է իր հագուստը, տարբեր դիպլոմներ ու լիցենզիաներ, ինչպես նաև «Շախտյոր» ֆուտբոլային ալումբի երկրպագուի հավաստագիրը: Ակումբը պատկանում է Յանուկովիչի մեծ ընկեր, ֆինանսիստ, միլիարդատեր Ռինատ Ահմետովին: Ուկրաինայի ամենահարուստ մարդն անցած շաբաթ հավանաբար Յանուկովիչի երեխաների ու առաջին պաշտոնական տիկին Լյուդմիլայի հետ տեղափոխվել է իր լոնդոնյան հանգիստ նստավայր:
Նշվում է, որ աղջիկը եղել է Լյուբովի դուստրն առաջին ամուսնությունից: Մայրն ու դուստրը հավանաբար փախել են, իսկ շատերը պահանջում են գտնել նրանց ու ձերբակալել: Յանուկովիչի հակառակորդները համացանցում տեղադրում են լուսանկարներ՝ փորձելով գտնել նրանց:
«Անխոհեմ դաժանություն. լարվածության մի քանի ամիսներից հետո ամուսնական անհավատարմությունը դառնում է նույնիսկ ավելի մեծ հանցագործություն, քան նախագահի հրամանով ոստիկանության կողմից քաղաքացիական անձանց սպանությունը»,- գրում է հոդվածագիրը:












































