Մարտի 1-ին նախատեսվում է հանրահավաք ոչ միայն Ազատության հրապարակում, այլև Մարտիրոս Սարյանի արձանի դիմաց, որի կազմակերպիչներն ազատամարտիկներն են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը (Արաբոյի Մանվել), խոսելով հանրահավաքից, ասաց, որ իրենք անցկացնում են առանձին հավաք, եթե դրանից հետո որևէ մեկը կկամենա՝ կարող է գնալ և միանալ Ազատության հրապարակում հավաքվածներին. «Մենք չենք միանում ՀԱԿ-ին կամ ընդդիմադիր դաշտին, մարտի 1-ին կլինենք այնտեղ, որտեղ ժողովուրդն է: Ոչ մի քաղաքական ուժի համար չենք գնում հանրահավաքի, գնում ենք ժողովրդի կողքին կանգնելու համար: Այսօր այնքան ցավալի է, բոլոր կուսակցությունները վարկաբեկված են, մենք չենք կարող որևէ ուժի միանալ»:
Մանվել Եղիազարյանը նաև համոզված է, որ Մարտի 1 ասելով՝ միայն չպիտի հիշենք կռիվը, մարդկանց սպանությունը, Մարտի 1-ը այժմ կուտակային կենսաթոշակի հարցն է, գազի, մարդկանց սոցալական անապահով վիճակի, իշխանավորների լկտիության հարցն է. «Այս ամենից ելնելով` ես կարծում եմ` ժողովրդի այն մասը, որն իրեն համարում է մարդ, պետք է դուրս գա փողոց ոչ թե Մարտի 1-ի համար, այլ վերջապես այս իշխանություններին ասելու, որ մենք էլ մարդ ենք, մեզ չի կարելի տրորել այսպես, երեխա ունենք, չի կարելի մեզ վտարել հայրենիքից, ամեն լկտիությանը չափ կա, վերջ տվեք մեզ ստրկացնելուն»:
Նրա համոզմամբ` լինի դա մարտի 1-ին թե 3-ին, ժողովրդի արհամարհված մասը պետք է դուրս գա պայքարի, քանի որ այս օրերին որոշվում է ժողովրդի ճակատագիրը. «Իրենք կամ ստրուկի պիտակը խարանելու են իրենց ճակատին, կամ ոչ են ասելու այս թալանին»:
Մեր զրուցակիցն ասաց նաև, որ մի քանի ամիսների իրենց պայքարի արդյունքում պարզ է դարձել, թե ով է իրապես հայրենասեր, և ով է իշխանությունների հպատակը:
Հիշեցնենք, որ Ազատամարտիկների ռազմադաշտային միությունը մարտի 1-ին, ժամը 13.00-ին Մարտիրոս Սարյանի արձանի դիմաց կանցկացնի հանրահավաք:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի







































