Ճապոնիայի կայսր Աքիհիտոն և նրա կինը, կայսրուհի Միտիկոն, կայսերական պալատից դուրս զբոսանք են կազմակերպել: Ճապոնիայի միապետների ընտանիքը հիացել է սակուրայի ծաղկունքով, որն աճում է Ճապոնիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող պալատի շրջակայքում:
Տոկիոյում տեղակայված կայսերական պալատի տարածքը սովորաբար վաղ առավոտյան լեփ-լեցուն է լինում զբոսաշրջիկներով և հեծանվորդներով, իսկ սակուրայի ծաղկման շրջանում մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ գալիս են այստեղ հիանալու այդ ծառերի գեղեցկությամբ: Տեղացիներին շատ է զարմացրել կայսերական զույգի հայտնվելը, քանի որ պալատի տարածքից դուրս նրանք շատ հազվադեպ են զբոսնում:

Հավանաբար, Աքիհիտոյի և Միտիկոյի հասարակության մեջ հանկարծակի հայտնվելը վերջինը կլինի նրանց համար որպես կայսերական զույգի: Ինչպես արդեն հայտնի է, Աքիհիտոն գահից հրաժարվելու գործընթացը կավարտի ապրիլի 30-ին՝ վերջ դնելով Հեյսեյի դարաշրջանին: Նա կդառնա Ճապոնիայյում առաջին կայսրը, որը հրաժարվել է գահից ավելի քան երկու հարյուրամյակի ընթացքում:
Ճապոնիայի նոր կայսրը կլինի նրա ավագ որդին՝ թագաժառանգ արքայազն Նարուհիտոն: Նրա կառավարման դարաշրջանը կոչվելու է Ռեյվա, որը թարգմանաբար նշանակում է «գեղեցիկ ներդաշնակություն»:












































