Բուքինգհեմի պալատը հանրայնացրեց պաշտոնական նվերների ցանկը, որոնք ստացել են բրիտանական արքայական ընտանիքի անդամները2018 թվականին:
Օրինակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա կինը`Մելանյան, անցյալ հուլիսին թագուհուն ձիու արձանիկ, իսկ ամուսնուն` Ֆիլիպին, ձկնորսական կարթ նվիրեցին:
Իսկ անցյալ տարի, ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Էլիզաբեթ II-ը ստացել է մեկ ֆունտ աղ (բրիտանական Վիրջինյան կղզիների մարզպետի ավանդական նվերը), կովի նկար՝շրջանակի մեջ, ինչպես նաև լեգոյով հավաքած փոստարկղի մանրակերտ։

Նվերների երկար ցուցակում էին նաև վեց շիշ Մոլդովական Purcari գինի, շոտլանդական գորգ, մակեդոնական ռուբինով արծաթե զարդ, մարգարտազարդ, մեղեսիկապատ և նռնաքարերով զարդարված ոսկյա ականջօղեր, կապույտ ատլասե շարֆ, աֆրիկական աշանտի ցեղից արծաթե «սրբազան աթոռ», և այլն։
Թագուհու թոռը՝ արքայազն Հարին, և կինը՝ Մեգանը, որ աշնանը հայտարարեցին ընտանիքի համալրման մասին, հասցրել են բարի կամեցողներից ստանալ հարյուրավոր փափուկ խաղալիքներ, մանկական հագուստ, կոշիկ, վերմակներ և մանկական այլ իրեր։ Մեգանին, որ շատ է սիրում իր ձեռքով կերակրատեսակներ պատրաստել, նվիրել են գոգնոց, տոպրակ, ջրի շիշ, հրակայուն տակդիր:

Շվեյցարիայի այցի ժամանակ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը դարձան շների խնամքի հավաքածուի սեփականատերեր (ինչպես գիտեք, զույգը ունի Լուպո անունով շուն), ստացան նաև հոկեյի փայտ: Նվերների ցանկը լրացնում են հողաթափերը, սրբիչը, աֆրիկյան ցուլի փայտե արձանիկը, «ուղտի մոդելը» շախմատի հավաքածուն, ապակե ձուն, մի զույգ բրդե գուլպան, Ducati մոտոցիկլը, անջրանցիկ բաճկոնը, բուրմունք տարածող լամպը`մի շարք եթերային յուղերով և այլն:
Գահաժառանգ արքայազն Չարլզը ստացել է մի պարկ բամբուկե ձողիկներ՝ Գանայում ճամփորդելիս հյութ խմելու համար: Ի թիվս այլ նվերների, որոնք նվիրել են Չարլզին ու կնոջը՝ Կամիլային, կային գոգնոց, ցնցուղի ռետինե գլխարկ, նկարազարդ քար, արմավի փաթեթ, փայտե փորագրված ափսե, վեց թեյի գդալ, վիսկի, ջին, շնափս և ռոմ, մի արկղ հունական գինի և շատ ավելին:









































