Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է Գյումրու Տիգրան Մեծ փողոցի անմխիթար վիճակից։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ է վերանորոգվող փողոցը գտնվում տեղաշարժվելու համար անբարենպաստ վիճակում։
«Մի ժամանակ մարդիկ բողոքում էին, որ Գյումրին չեն կառուցում, հիմա բողոքում են, որ կառուցում են, նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ։ Հայաստանի շինհրապարակների մեծ մասը վերածված է աղբանոցի»,- դժգոհել է Փաշինյանը, ապա քաղաքապետին հորդորել խնդիրը լուծել փողոցի վերանորոգման նախագծի ճարտարապետներին ու պատասխանատուներին աշխատանքային խորհրդակցության հրավիրելու միջոցով։
«Կհրավիրեք ճարտարապետներին ու կասեք, որ երբ շինարարություն է արվում, չի նշանակում, որ քաղաքի կյանքը պետք է կանգնի։ Անցանելիությունը պետք է ապահովել։ Այս ճանապարհով պետք է հարսանիքներ անցնեն»,- նշեց վարչապետը։







































