Ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` «Օրենք») 8-րդ հոդվածով Սուրիկ Սեդրակյանը պահանջում է հերքել «Ժամանակ» թերթի 30.03.2019թ.-ին հետևյալ վերնագրով հրատարակած տեղեկատվությունը՝ «Ջրի վրա նստած հրեշը », համարելով այն ապատեղեկատվությունն իր անձի և իր գործունեության վերաբերյալ:
Նա խմբագրությանն ուղղված հերքման տեսքստում մասնավորապես գրել է․ «Հայտնում եմ, որ հրատարակված հոդվածի վերնագիրը և դրա բովանդակությունը ամբողջությամբ հիմնազուրկ են և, ավելին, պարունակում են վիրավորական և զրպարտիչ բովանդակություն, որը չի համապատասխանում իրականությանը և արատավորում է իմ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը:
Հրատարակված հոդվածի բովանդակության վերաբերյալ նշեմ, որ
1. Էջմիածնի ՋՕԸ գրասենյակը (ք. Էջմիածին, Զվարթնոց թաղամաս իրավաբանական հասցեով) սեփականաշնորհված չէ իմ կողմից, այն սեփականության իրավունքով պատկանում է ՋՈԸ-ին, որտեղ և վերջինս ծավալում է իր գործունեությունը,
2. Էջմիածնի հարկային տեսչության շենքը որևէ առնչություն չունի իմ հետ և սեփականաշնորհված չէ իմ կողմից,
3. «Պոպոքներ» անունով հայտնի ռեստորանային համալաիրը սեփականաշնորհված չէ իմ կողմից:
էջմիածին-Երևան մայրուղու վրա գտնվող «Եդեմ» սգո սրահը նույնպես չի հանդիսանում իմ սեփականությունը: Հիմք ընդունելով վերոգրյալը, պահանջում եմ Օրենքով սահմանված ժամկետի ընթացքում հերքել նշված հոդվածի բովանդակությունը:
Հայտնում եմ, որ, սահմանված ժամկետում հերքում չիրականացնելու դեպքում, ինչպես նաև այսուհետ այլ ապատեղեկատվության, վիրավորական ու զրպարտիչ բովանդակությամբ նյութերի հրապարակման դեպքում կդիմեմ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իմ իրավունքների դատական պաշտպանության»:








































