Թուրքիայում հասունացել է նոր սկանդալ՝ այս անգամ այն կապված է զանգվածային գաղտնալսումների հետ: Ստամբուլի դատախազությունը գաղտնի փաստաթղթեր է հայտնաբերել, որոնք ապացուցում են, որ 3 տարվա ընթացքում ոստիկանությունը գաղտնալսել է մոտ 7 հազար մարդու հեռախոսազրույց՝ գրում է ITAR-TASS-ը:
Գաղտնալսվել են վարչապետի և նրա շրջապատի, հարազատների, ինչպես նաև նախագահի, ազգային հետախուզության ղեկավարի, քաղաքական կուսակցությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, գործարարների, հասարակական գործիչների և լրագրողների հեռախոսազրույցներ:
Ոստիկանության այս գործունեության մասին հայտնի է դարձել Ստամբուլի դատախազությունում նոր դատախազներ նշանակելուց հետո: Նրանք էլ հայտնաբերել են այդ գաղտնի փաստաթղթերը:
Ինչպես հայտարարել է փոխվարչապետ և Թուրքիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բյուլենթ Արընչը, գաղտնալսման ենթարկված անձանց թիվը հետաքննության ընթացքում կարող է մեծանալ:
Փոխվարչապետը նաև ընդգծել է, որ գաղտնալսման մասին հարցումները և համապատասխան թույլտվությունները «ամբողջությամբ ապօրինի են», և նշել, որ այդ գործունեությունն իրականացրած մարդիկ «պարտավոր են ներողություն խնդրել»: