Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի գլխավորած սփյուռքահայ ներդրողների խմբին:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ներդրողների հետ հանդիպումները և բիզնես միջավայրի բարելավման, տարբեր ներդրումային ծրագրերի շուրջ քննարկումները:
Վարչապետը նշել է, որ դրանք լավ հնարավորություն են տալիս կառավարության անդամներին լսել գործարարների բարձրացրած հարցերը, խնդիրներն ու առաջարկությունները:
Գագիկ Մակարյանը տեղեկացրել է, որ ոգևորված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով՝ արտերկրից մոտ ժամանակներս պատրաստվում են Հայաստան ժամանել ներդրողների նոր խմբեր, որոնք շահագրգռված են գործարար միջավայրի բարելավման պայմաններում մեր երկրում տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմամբ: Նրա խոսքով՝ Հայաստանի դիրքերը ներդրողների շրջանում գնալով ամրապնդվում են և դա լավ հնարավորություն է նոր ներդրումներ ներգրավելու:
Այնուհետև ներդրողները վարչապետին են ներկայացրել էներգետիկայի, շինարարության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերը, որոնց շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ողջունում է գործարարների նախաձեռնությունները և պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում օժանդակել ներդրումային ծրագրերի կյանքի կոչմանը: Վարչապետն առաջարկել է նաև, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում ծանոթանալ կառավարության ներկայացրած ներդրումային փաթեթներին և հնարավորության դեպքում մասնակցել դրանց մրցույթներին:
Ներդրողները նշել են, որ ողջունում են Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության քաղաքականությունն ու գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերը և համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն ոչ միայն արտասահմանցի ներդրողների ներգրավմանը, այլև հայրենիքում սփյուռքահայ գործարարների ներուժի համախմբմանը:









































