«Հայաստանում խորքային, համապարփակ հետազոտություններ չեն եղել ընտրություններից հետո»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիա»-ի նախագահ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը՝ հավելելով, որ «Գելափ ինթերնեյշնլ»-ի հետ համատեղ նախատեսել են ապրիլի կեսերին սկսել լայնածավալ, ներկայացուցչական, համապարփակ, համահայաստանյան ուսումնասիրություն՝ նիվիրված սոցիալ-քաղաքական հարցերին, և այն կտևի առնվազն մեկ ամիս:
Անդրադառնալով դիտարկմանը, որ նախորդ իշխանությունը՝ իշխանական վերնախավը կորցրել էր անմիջական կապը հասարակության հետ և կտրվել իրականությունից, Գևորգ Պողոսյանը նշեց, որ ցանկացած իշխանություն ի վերջո որոշակի պատնեշներ է կառուցում, որպեսզի ներքևից՝ հանրությունից եկող ճնշումը շատ չազդի իրենց վրա. «Սա տրամաբանական երևույթ է: Թե ինչքանով այս իշխանությունը կկարողանա հաղթահարել այդ «տրամաբանական բարդույթը», դժվար է ասել:
Վարչապետը կրեատիվ լուծումներ ունի, ֆեյսբուքով անմիջական շփվում է բնակչության հետ, նա չի խուսափում լրագրողներից, չի փակվում, հեշտ է հաղորդակցվում: Բայց կա մի բաց, որը, կարծում եմ, ժամանակի ընթացքում կլրացվի. հետադարձ կապի խնդիր կա, դա պետք է իրականացնել քաղհասարակության ինստիտուտների, սոցհարցումների, հանդիպում-քննարկումների միջոցով»:
Նախորդ իշխանության օրոք, սոցիոլոգի բնորոշմամբ, ընդդիմությունը գնալով ավելի ագրեսիվ էր դառնում, իսկ քաղաքացիական հասարակությունն ավելի ակտիվ: Նրա դիտարկմամբ՝ այժմ այդ ինստիտուտների կայացման գործընթացը շարունակվում է. «Թավշյա հեղափոխությունը բերեց նրան, որ քաղաքացիական հասարակությունը շատ ակտիվ դարձավ, և այլևս հնարավոր չէ այդ ակտիվությունը հետ մղել: Արտախորհրդարանական ընդդիմությունը բավականին ակտիվ է և գնալով ավելի կակտիվանա»:
Խոսելով մեդիադաշտի մասին, սոցիոլոգը մասնավորապես նշեց, որ այսօր ցանկացած կարծիք մեդիադաշտում իր տեղը գտնում է: Նա նաև ընդգծեց, որ իշխանություններին բնորոշ է, որ եթե հանրությունը չընդդիմանա, կփչանան:
«Ե՛վ մեդիա դաշտը, և՛ հանրության մեծ մասը սպասողական վիճակում են, սպասում են, թե իշխանությունն ինչ կանի: Մինչև ամառ այդ սպասողական վիճակը նորմալ է, քանի որ կառավարությունը դեռ նոր է ձևավորվում, ԱԺ-ն նոր է, ինչ-որ ժամանակ պետք է տալ նրանց»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































