Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի նիստում հայկական կողմը կբարձրացնի օրակարգային հարց` վերացնելու սահմանին գազի գինը ընդամենը մեկ տարվա համար ֆիքսելու ավանդույթը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանը նշեց, որ երբ սահմանին գազի գնի բարձրացման մասին հայտնի դարձավ, նշվեց, որ Հայաստանի սպառողների համար գազի գնի բարձրացում չի լինի և խնդիրը կկարգավորվի «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի կրճատման հաշվին: Նա նշեց, որ մամուլում հայտնվել է մի հրապարակում, որում նշվել է, որ ընկերությունը չի պատրաստվում կրճատել իր ծախսերը, և ավելին` «Գազպրոմ Արմենիա»-ի հետ բանակցություններ չեն ընթանում:
«Հայաստանի կառավարության` թե «Գազպրոմ Արմենիա»-ի և թե «Գազպրոմ» ընկերության հետ գազի գնի շուրջ բանակցությունները կարծում եմ, որ մշտական գործընթաց է և պետք է միշտ ընթանան: Ընդ որում` ավանդական գազի գինը սահմանին ֆիքսվում է յուրաքանչյուր տարի: Դա ևս հարց է, պետք է դարձնենք օրակարգային և բանակցությունների արդյունքում գանք մի իրավիճակի, որ գին ֆիքսելու մեկ տարվա մշակույթը վերացնենք մեր տնտեսական հարաբերութուններից: Դա անկախ գնի չափից շատ բարդ է ադապտացվելու համար»,-ասաց փոխվարչապետն ու հավելեց` սահմանին գազի գնի հարցը դառնալու է միջկառավարական հանձնաժողովի օրակարգային հարց:
Նա նշեց` ունենք երկու խնդիր` մարժան, որը բանակցվում և վերլուծվում է հայաստանյան Գազպրոմի աշխատանքների արդյունքում: Գրիգորյանը վստահեցրեց, որ բանակցություններն ու վերլուծական աշխատանքներն ընթանում են:








































