«Այդ սկսված լինելը մենք պետք է կոնկրետ թվերով տեսնենք։ Այն թվերը, ինչից պարոն վարչապետը խոսեց, բացարձակ առնչություն չունեին այն հաշվետվության հետ, որը պետք է այսօր ներկայացվեր, որովհետև համեմատությունները գնացին 2018-ի հունվար-փետրվար ամիսների հետ, երբ արդեն սկսվել էր հեղափոխությունը, համեմատելով 2019-ի հունվար-փետրվարի արդյունքների հետ, այնինչ նույն վիճակագրական ծառայությունների տվյալներով՝ մի քիչ տնտեսական անկում ունենք, ունենք նաև արտահանման անկում 2018-ը 2017-ի հետ համեմատելիս»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում վարչապետի ելույթին, որտեղ նա նշեց, որ տնտեսական հեղափոխությունը Հայաստանում սկսված է։
Անդրադառնալով Հարկային օրենսգրքի փաթեթի ձգձգմանը՝ Գորգիսյանը նշեց․«Հարկային օրենսգիրքը չպետք է փոփոխվի հաճախակի, և լավ է, որ երկարաձգվում է, քննարկումները շատանում են, «յոթ չափի մեկ ձևի» սկզբունքով է գործում, որովհետև Հարկային օրենսգրքի կանխատեսելիությամբ է նաև պայմանավորվում խաղի կանոնների կանխատեսելիությունը, իսկ դա համար մեկ գրավականն է ներդրումների համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։









































