Այսօր՝ մարտի 27-ին, Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, անդրադառնալով որոշ ապրանքների ակցիզային հարկի բարձրացմանը, վարչապետին հարցրեց. «Ի՞նչ կարծիքի եք գազավորված ըմպելիքի ակցիզային հարկի մասին»:
Պատգամավորին հետաքրքրում է նաև գույքահարկի ռեֆորմի իրականացման հարցում վարչապետի կարծիքը. «Գույքահարկը այսօր հարկվում է ոչ թե շուկայական գներով, այլ կադաստրային»:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Մենք մտադիր ենք 2020թ. հունվարի 1-ից գույքահարկի բարեփոխումները սինխրոն կերպով դնել գործարկման մեջ: Գույքահարկով պետք է սոցիալական հարկման արդարությունը մտնի»:
Վարչապետը ընդգծեց՝ Հայաստանում աշխատավարձով ոչ ոք հարուստ, առավել ևս՝ մեծահարուստ չի դարձել. «Այո, մենք խրախուսելու ենք բարձր աշխատավարձի քաղաքականությունը: Մեր ժամանակների հերոսը բարձր աշխատավարձ ստացողն է: Մեր երկրում փողոցներում չեն պպզելու այլևս, այլ գնալու են կրթություն ստանան: Պետք չի կեղծ սոցիալական արդարության կարգախոսներ հնչեցնել»:
Անդրադառնալով գազավորված ըմպելիքներին առնչվող հարցին՝ Փաշինյանն ասաց. «Այդ հարցում ոլորտի ներկայացուցիչների փաստարկները ճիշտ են: Նոր կուլտուրան սա է՝ լսել և լինել լսելի»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































