ԱՄՆ-ում ՀԴԲ նախկին տնօրեն և հատուկ դատախազ Մյուլլերի՝ 22 ամիս տևած հետաքննության արդյունքներով կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Կրեմլի միջև համագործակցություն չի եղել՝ կապված ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ:
Այս առնչությամբ տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ Թրամփն ամեն ինչ անում է ներքին քաղաքական ճամբարում իր դիրքերն ամրապնդելու համար. «Եվ այս հետաքննության արդյունքները Թրամփի՝ որպես նախագահի, հեղինակության վրա կարող էին անդրադառնալ: Եվ Թրամփը կարողացավ այս իրավիճակում փայլուն դիրքերից դուրս գալ»:
Մեր զրուցակցի կարծիքով՝ այսպիսով Թրամփը ներքին ճամբարում մեծ հաղթանակ տարավ և կփորձի իր ազդեցությունը մեծացնել քաղաքական դաշտում:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով ևս՝ այս գործոնը բավականին դրական կարող է ազդել Թրամփի վարկանիշի վրա. «Բայց այնուամենայնիվ, նույն փաստը, որ Միացյալ Նահանգներում նման որոշում ընդունվեց ի վերջո, արդեն իսկ վկայում է, որ Թրամփի դիրքերը այս տարիների ընթացքում իրոք ամրապնդվել էին»:
Ինչ վերաբերում է Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք ճանաչելու Թրամփի աղմկահարույց որոշմանը, քաղտեխնոլոգը կարծում է, որ բավական լուրջ լոբբիստական աշխատանք է տարվել:
Կարեն Վերանյանը, նշելով, որ Թրամփի այս որոշմանը հետևել են բացասական արձագանքներ՝ և՛ ԵՄ-ից, և՛ ՄԱԿ-ից, և՛ ՌԴ-ից, և՛ Իրանից ու Սիրիայից, և այլն, հավելեց. «Այս որոշումը միանշանակ լարվածություն կբերի. արդեն իսկ որոշակիորեն աճել են սահմանային բախումները և Գազայի կողմից հրթիռակոծությունները»:
Նրա խոսքով՝ այս հայտարարությունը կկոշտացնի Իրանի դիրքորոշումը՝ դիվանագիտական-քաղաքական ուղղությամբ և ռազմական գործընթացների մասով:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:










































