Հայաստանում աննկատ անցավ ԱՄՆ 49-րդ՝ նախավերջին նահանգի որոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապակցությամբ: Ալաբամա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և այդպիսով մնաց մեկ նահանգ՝ ԱՄՆ 50 նահանգներից, որը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նախորդ տարիներին այդ ճանաչումները արժանանում էին մեծ ուշադրության: Սա մի կողմից հասկանալի էր՝ առանձնապես մեծ դիվանագիտական, արտաքին քաղաքական, նաև ներքին քաղաքական հաջողություն չունեցող իշխող համակարգը ձգտում էր այդօրինակ տեղեկությունների շնորհիվ ստեղծել հաջողության, դիվանագիտական հաղթանակների տպավորություն: Ստացվում էր, թե ոչ, այլ հարց է: Ի վերջո չէր անցնում անհետևանք և որոշակի ազդեցություն թողնում էր:
Ալաբամայի ճանաչումը հանրության համար չարժանացավ մեծ ուշադրության: Արդյո՞ք դրա պատճառն այն է, որ Հայաստանում իշխանությունը փոխված է թավշյա հեղափոխության արդյունքում, գոնե առայժմ չունի հանրությանը տեղեկատվական պաթոս մատուցելու անհրաժեշտություն, ըստ այդմ, ջանք չի գործադրել Ալաբամայի որոշումը բոլոր ուղղություններով տարփողելու համար: Հնարավոր է նաև, որ պարզապես չի եղել ժամանակ, քանի որ նոր իշխանությունն ու նաև հանրությունը զբաղված են ներքին ու արտաքին, այդ թվում՝ Արցախին առնչվող ավելի կարևոր քաղաքական զարգացումներով, ըստ այդմ՝ ցեղասպանությունը ճանաչած նահանգների թիվը 48-ից 49 դառնալը ամենևին էական նշանակություն չունի թե՛ ցեղասպանության ճանաչման միջազգային իրավա-քաղաքական համատեքստի, թե՛ Հայաստանի անմիջական խնդիրների արեալի առումով: Այլ կերպ ասած, ակնառու է, որ բոլոր առումներով գրեթե զրոյացած է այդ իրադարձությանը մեծ ուշադրություն դարձնելու շարժառիթային հենքը:
Սակայն այստեղ էլ առաջանում է հետաքրքիր շերտ, կապված թե՛ խնդրի, թե՛ դրա ընդհանուր իրավա-քաղաքական շրջանակի և հնարավոր ճյուղավորումների իմաստով: Հայաստանում փաստորեն տեղի է ունեցել փոփոխություն, որը առաջին հայացքից զրոյացրել է ցեղասպանության ճանաչման ակտերի հանդեպ հանրային ուշադրության կամ պետական քարոզչության մոտիվացիոն հենքը, մյուս կողմից, սակայն, խորքային առումով բարձրացրել է նշաձողը: Այսինքն՝ այլևս հնարավոր չէ հայերի ուշադրությունը գրավել այդ մակարդակի ճանաչումներով: Իսկ այստեղ գործ ունենք ոչ միայն ամերիկյան, այլ նաև բավականին լայն գործընթացային մեխանիկայի հետ: Գաղտնիք չէ, որ հայկական հարցը միջազգային տարբեր սուբյեկտների համար մարդասիրական հարց լինելուց բացի, նաև քաղաքական հարց է, որ մասնավորապես օգտագործվում է Թուրքիայի հետ հարաբերություններում: Օրինակ, հատկանշական է, որ Ալաբամայի ճանաչումը տեղի է ունենում թուրք-ամերիկյան հարաբերության ներկայիս լարվածության ֆոնին: Օգտագործելով հայկական հարցը, տարբեր սուբյեկտներ մի կողմից, անշուշտ, հոգեբանական և քաղաքական զորակցություն են հայտնում Հայաստանին ու հայությանը, կամա, թե ակամա, մյուս կողմից, սակայն, դրանով իսկ որոշակիորեն համարում են «պարտքը կատարած»:
Իսկ հաշվի առնելով տեղի ունեցած ահավոր ողբերգության ու ոճրագործության համամարդկային և համաշխարհային կոնտեքստը, աներկբա է, որ աշխարհում կա հայերի հանդեպ հոգեբանական բարդույթ կամ, այսպես ասած, մեղքի զգացում: Ի վերջո, այդ երևույթները համաշխարհային քաղաքականության մեջ ամենևին երկրորդական չեն, դրա վառ վկան է հրեական քաղաքականությունը Հոլոքոսթի մասով, որի առանցքային գործիքակազմից մեկը հենց համաշխարհային հոգեբանական ասպեկտի վրա շեշտադրումն է: Բայց այստեղ Իսրայելը սահմանել է չափազանց բարձր նշաձողեր, դրանից բխող շատ ավելի մեծ քաղաքական և նաև տնտեսական գնով, որ տարիների ընթացքում վճարել է միջազգային հանրությունը: Հայության դեպքում այդ գինը եղել է ցածր, ինչ դեր է ունեցել պետության բացակայությունը, իսկ դրանից հետո էլ այդ պետության քաղաքականության խնդիրները, որ սերել են այդ քաղաքականությունը մշակողների խնդիրներից, մեղմ ասած՝ վատ կառավարման և ոչ լեգիտիմության հետևանքով: Նոր իրավիճակը փաստացի ստեղծել է մի իրադրություն, երբ Հայաստանը կամ ավելի շուտ հայությունը հայկական հարցում, կամա, թե ակամա, բարձրացրել է իր քաղաքական և հոգևոր-արժեքային պահանջների նշաձողը: Իսկ սա Հայաստանի պետական քաղաքականության կարևորագույն կռվան է և խաղաքարտ, որտեղ նույնպես պետք են հիմնարար վերանայումներ և կոնցեպտուալ ձևակերպումներ, ինչպես Արցախի հարցում՝ միջազգային հանրությանը նոր իրողությունների առաջ դնելու, և արդեն նոր դիրքերից և նոր բովանդակության շուրջ երկխոսելու համար:









































