Տավարի ու ոչխարի միսն ու կաթը լրջագույն պահանջարկ ունեն թե Հայաստանում, թե արտաքին շուկայում։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պատրաստվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ոլորտին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանը:
«Մենք ֆինանսավորելու ենք անասնապահությունը, այդ թվում նաև ոչխարաբուծությունը: Անասնապահությունը լրջագույն պոտենցիալ ունի: Տավարի մսի դեֆիցիտը ԵԱՏՄ շրջանում բավականին լուրջ է: Այսինքն` մենք ինչքան արտադրենք, դրա թե ներքին պահանջարկը կա, թե արտաքին: Այդ թվում որակյալ կաթի դեֆիցիտ կա: Իսկ ոչխարի միսն արաբական աշխարհում և Իրանում լրջագույն պահանջարկ ունի: Մնում է հիմանական մի քանի խնդիր լուծենք, ոլորտին կարողանանք ֆինանսական աջակցություն տալ»,-ասաց նախարարը:
Նա նշեց, որ պետք է լուծեն նաև չմշակվող հողերի հարցը, քանի որ ոչխար պահելու համար պետք է արոտ լինի: Գևորգյանը նկատեց՝ արոտները կամ ժամանակին սեփականաշնորհված են եղել, կամ ինչ-որ ձև մասնավորեցված են, դրանց կեսը չեն օգտագործվում: Նախարարը տեղեկացրեց, որ հիմա մշակում են օրենք՝ վարձակալության սխեմա ներդնելու համար:
«Թե անասնապահությունը, թե թռչնաբուծությունն ու խոզաբուծությունը լրջագույն պահանջարկ ունեն: Հայաստանում թե թռչնի, թե խոզի մսի ներքին սպառման լրջագույն պահանջարկ կա»,-եզրափակեց նախարարը:









































