Մարտի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախապես չհայտարարված անսպասելի այցը Արարատի մարզի գյուղեր, անվստահություն էր իշխանությանը և կառավարման համակարգին։ Դրանով Նիկոլ Փաշինյանը արձանագրում էր, որ դժգոհ է համակարգի արդյունավետությունից և հատկապես տարածքներ-կենտրոն հաղորդակցությունից։
Բնականաբար հարց է ծագում՝ ինչո՞ւ չիրականացնել կադրային փոփոխություններ, որպեսզի համակարգը բարելավվի և աշխատի «Առաջին լրատվական»-ի հարցին Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ իհարկե, լավ է, որ առանց զգուշացնելու այց է կատարել։ Սակայն վերջում կարծես ամեն ինչ անլրջացավ՝ վարչապետը դարձավ պոետ, և նրա ամբողջ այդ ասածները սկսեցին քննարկել այլ համատեքստում։ Այս առումով կարծում եմ՝ խնդրին պետք է շատ լուրջ մոտենալ։ Հայաստանի կառավարման համակարգը լուրջ խնդիրների առաջ է կանգնած և դրա պատճառը նաև կադրային քաղաքականությունն է։ Ես քանիցս առիթ եմ ունեցել նշելու, որ նման կադրային քաղաքականությամբ հնարավոր չէ երկրում իրականացնել քաղաքական արմատական փոփոխություններ։ Ավելին, այդ կադրային քաղաքականության հետևանքով հեղափոխությունը բառացիորեն տեղապտույտ է տալիս»։
«Մենք պետք է սկսենք պատճառներից։ Այսինքն՝ կառավարման համակարգի արդյունավետության հիմքը Սահմանադրությունն է։ Այսինքն՝ մեզ պարտադրված, փաթաթված գործող Սահմանադրությունը պարտադրել է նաև կառավարման անարդյունավետ համակարգ՝ վարչապետին վերագրելով սուպեր լիազորություններ։ Առանց նոր Սահմանադրության ընդունման դժվար է արդյունավետ աշխատող կառավարման համակարգ ստեղծել»,- հավելեց Նարինե Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։









































