Հանրության ուշադրությունն այս օրերին գրավել են Օպերայի հարակից տարածքներում կատարվող ապամոնտաժման գործողությունները, դիմադրությունը ենթադրելի էր, ինչպես նաև ենթադրելի էր շահերի բախման աստիճանը: Երևանի քաղաքապետարանը, որ այս որոշման պատասխանատուն է, խոստանում է հետևողական լինել: Ի՞նչ է նշանակում այդ հետևողականությունը և, առհասարակ, ի՞նչ է կատարվում օպերայի տարածքում. թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը և ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը:
Քաղաքապետարանը հայտարարել է Երևանում ապօրինի շինություններից ազատվելու գործունեության մասին, արդյո՞ք այդ գործն է իրականացվում: Անդրադառնալով այդ հարցին՝ Դ. Խաչատրյանը նշեց, որ քաղաքապետն իր լիազորությունների սահմաններում սկսել է նախընտրական խոստմանը համաձայն գործողությունները. «Եվ այն սկել է հենց Երևանի սրտից, որտեղ հիմնականում ապօրինի շինություններ են և ապօրինի գործունեություն են իրականացնում. «Ազատագրվում» է հետիոտնային արահետը, հրապարակին կից հատվածը, փուլ առ փուլ աշխատանքը կշարունակվի: Իրավական տեսանկյունից մենք սխալ չենք գործում: Քաղաքապետը գործում է օրենքի տառին համապատասխան»:
Դ. Խաժակյանի խոսքով՝ մայրաքաղաքի կենտրոնը գերհագեցած է սրճարաններով, որոնք նախկինում տեղակայվել են քաղաքապետի կամ վարչական շրջանների ղեկավարների թույլտվությամբ. «Եվ մենք մշտապես ընդվզել ենք դրա դեմ: Հիմա հասել ենք այնպիսի վիճակի, երբ շատ դժվար է գտնել կանաչապատ տարածք, որտեղ չլինի սրճարան կամ բիզնես գործունեություն: Այսօրվա դեպքերը և լարվածությունը մեծապես կապված են տնտեսվարողների անարդարության զգացողության հետ, որովհետև հասկանալի է, որ այդ տարածքները ձեռք են բերվել թույլտվությամբ, նույնիսկ որոշակի արտոնություն է եղել դա, բայց դժվար է պատկերացնել, որ պատահական մարդ կարող էր թույլտվություն ստանալ այդ սրճարանները կառուցելու համար:
Քաղաքապետարանն այսօր տարածեց հաղորդագրություն այն մասին, որ Օպերայի հարակից տարածքի բոլոր սրճարանները պետք է ապամոնտաժվեն՝ փուլային տարբերակով»: Դ. Խաժակյանի խոսքով՝ աշխատանքների մեկնարկը լավը չէր. «Քաղաքապետարանը գործունեությունը պետք է սկսեր ոչ թե քանդելով, այլ քննարկումներով»:
Հռիփսիմե Առաքելյանի դիտարկմամբ՝ առկա է նաև սրճարանների աշխատողների խնդիրը. «Այս մարդիկ հստակ չեն պատկերացնում, թե իրավական նորմերով ինչ գործընթացներ են տեղի ունենում, նրանք իրենց իրավունքի, գործազրկության խնդիրն են բարձրացնում: Իհարկե, Երևանը պետք է լինի կանաչ գոտիների քաղաք, բայց երկխոսության խնդիր կա քաղաքային իշխանության և շահառուների միջև՝ այն աշխատակիցների հետ, ում առաջին հերթին իրենց գործազրկության հարցն է հետաքրքրում»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































