Թուրքական ԶԼՄ-ներում և սոցցանցերում արշավ է սկսվել, որը կոչված է ցույց տալու, թե ինչ կլինի, եթե երկրի տարածքում սկսի գործել համացանցի վերահսկողության մասին օրենքը:
Օրինագծի հակառակորդները կարծում են, որ օրենքը կառավարությանը կտա իշխանությանը ոչ հարմար կայքերն անվերահսկողաբար փակելու հնարավորություն: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Համաձայն փաստաթղթի՝ վերահսկող մարմինները անհրաժեշտության դեպքում կունենան կայքերի հասանելիությունն ինքնուրույն արգելափակելու իրավունք՝ առանց նախապես դատարան դիմելու անհրաժեշտության:
Արգելափակումից հետո երկու օրվա ընթացքում դատական իշխանությունները որոշում կընդունեն գործողությունների վավերականության մասին: Եթե արգելափակումը ճանաչվի անհիմն, ապա հասանելիությունը կրկին կթույլատրվի:
Արշավի նախաձեռնողը Radikal թերթն է, որը Twitter-ում սկսել է «4 ժամ» ակցիան: Հենց 4 ժամվա ընթացքում համացանցային ռեսուրսի տերը պետք է կայքից հեռացնի հրապարակումը, եթե այն իշխանությունների կողմից ճանաչվի անթույլատրելի: Հակառակ դեպքում կսկսվեն դատական ընթացակարգեր, որոնք կհանգեցնեն ռեսուրսի փակման:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի նախագահը վավերացրել է քննադատություն առաջացրած օրինագիծը: