Volkswagen Beetle ռետրո ավտոմեքենան, որի վրա Ավստրիայում իր ինքնագիրն է թողել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, վաճառել են բարեգործական աճուրդում:
Այս մասին ասել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Քնեյսլը. սպիտակ կաբրիոլետը նրա և ֆինանսիստ Վոլֆգանգ Մայլինգերի հարսանեկան մեքենան էր:
«Այն մեզ չէր պատկանում, մենք այն ստացանք մեր հարսանիքի ժամանակ և տոնակատարության օրը հաղորդեցինք հյուրերին, որ հետագայում ուզում ենք այն փոխանցել բարեգործական նպատակների համար»,- նախարարին մեջբերում է «Կոմերսանտը»:

Քնեյսլի խոսքերով, հասույթը կուղղվի սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների հիպոթերապիայի վերականգնողական կենտրոնին Ավստրիայի Շվեհաթ քաղաքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018-ի օգոստոսին ՌԴ նախագահը մասնակցել է Քնեյսլի և Մայլինգերի հարսանեկան արարողությանը, պարել է հարսնացուի հետ և ինքնագիր է թողել սպիտակ Volkswagen Beetle-ի վրա: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կաբրիոլետը աճուրդում վաճառվել է 20 հազար եվրոյով:









































