Թուրքիայի ՆԳՆ-ում հայտարարել են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի դեմ հանդես եկող զբոսաշրջիկները կձերբակալվեն անմիջապես այն բանից հետո, երբ կմտնեն Թուրքիա։ Այդ մասին գրում է The Times-ը։
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ զբոսաշրջիկները կարող են միանգամից ձերբակալվել հայտնի հանգստյան գոտիների օդանավակայաններում, ինչպիսիք են Բոդրումը և Անթալիան, եթե հայտնաբերվի, որ նրանք «դավաճանություն» են գործել և մասնակցել են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հանրահավաքներին։
«Եվրոպայում և Գերմանիայում կան մարդիկ, ովքեր մասնակցում են այդ ահաբեկչական կազմակերպության ցույցերին, ինչից հետո գալիս են Անթալիա, Բոդրում կամ Մուգլա հանգստանալու»,- ասել է նա։
Այս սպառնալիքները լուրջ են ընդունվել Գերմանիայում, որտեղ ԱԳՆ-ը արդեն խորհուրդ է տվել իր քաղաքացիներին խուսափել Էրդողանին քննադատելուց, եթե նրանք նախատեսում են այցելել Թուրքիա։










































