ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը վստահեցնում է, որ միայնակ որոշումներ չի կայացնում ՊՈԱԿ-ների հետ կապված: Այդ մասին Ղարիբյանը նշեց կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տեղեկությանը, թե Մշակույթի նախարարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկում է Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնը, Հայաստանի երգի պետական թատրոնը, Երևանի կամերային պետական թատրոնը, Երևանի կամերային երաժշտական թատրոնը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, Կոմիտասի անվան ազգային քառյակը և ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող 15 այլ կազմակերպություն լուծարել, վերակազմավորել կամ/և վերակազմակերպել:
«Եղել է կառավարության հանձնարարական, իսկ արդյունավետության բարձրացման և օպտիմալացման վերաբերյալ հանձնարարականներ ստացել են բոլորը։ Արտահոսք է եղել, ինչ-որ մեկը դուրս է հանել տեղեկանքը և լրատվամիջոցներին է տվել, դա առաջացրել է արհեստական մեծ աղմուկ։
Ընդ որում՝ դա եղել է տեղեկանք, ոչ թե որոշում։ Դա մեր աշխատանքն է։ Երբ տնօրեններն ասում են՝ մենք վիրավորված ենք, չեմ հասկանում՝ ինչու, դա մեր աշխատանքն է եղել։ Մենք նման հանձնարարականներ ստանում ենք ամեն օր։ Այս տեղեկանքը ընդամենը մեր վերլուծությունն է, որից հետո մենք կոնկրետ քայլերի պետք է դիմենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նազենի Ղարիբյանը:
Նա հավելեց, որ պետք է այդ վերլուծությունների հիման վրա գործողությունների պլան կազմել, հաշվարկ անել, հստակեցնել անելիքները. սա պետք է անել ՊՈԱԿ-ների տնօրենների հետ խորհրդակցությամբ։
Նազելի Ղարիբյանը նշեց՝ պարզել է, որ տնօրենների բողոքը, կարծիքը դեռևս չի արտահայտում ՊՈԱԿ-ի ամբողջ աշխատակազմի տեսակետը. «Այս ընթացքում ես պարզեցի2-3 դեպք, երբ տնօրենները կտրականապես դեմ էին փոփոխությանը, բայց նրանց գործընկերներն ինձ ասում են, որ շատ ուրախ են»։
Դիտարկմանը, թե «Հայաստանի երգի պետական թատրոն»-ի ղեկավարությունը վերջերս հայտարարել էր, թե իրենք ոչ լուծարվելու են և ոչ էլ մասնավորեցնելու խնդրի առաջ են կանգնած, Նազելի Ղարիբյանը պատասխանեց. «Ես դա չեմ հաստատում»։







































