Մայքլ Ջեքսոնի մասին պատմող «Հեռանալով Նևեռլենդից» վավերագրական ֆիլմի հերոս Ջեյմս Սեյֆչակը պատմել է, որ երգիչն իր հարաբերությունները կանանց հետ ֆիկտիվ է անվանել, քանի որ դրանք պետք են եղել միայն «ուշադրությունը շեղելու համար», հաղորդում է Daily Mail-ը:
«Մայքլն ասաց, որ մի օր նա ստիպված կլինի ամուսնանալ, բայց դա ոչինչ չի նշանակում»,- պատմել է Սեյֆչակը:
Նրա խոսքերով, սեռական բռնության առաջին մեղադրանքներից հետո, 1994թ.-ին, Ջեքսոնը ստիպված էր ամուսնանալ երգչուհի Լիզա Մարի Պրեսլիի հետ, որի հետ հարաբերությունները նույնպես «հանրության համար էր»:
Մարտի 3-ին BBC Radio 2 ռադիոկայանը երգչի երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին պատմող վավերագրական ֆիլմի թողարկումից առաջ եթերից աննկատ հանել է նրա բոլոր երգերը:

1993թ.-ին Ջեքսոնը մեղադրվում էր տասներեք տարեկան տղայի նկատմամբ սեռական ոտնձգության մեջ, որին հյուրընկալել էր իր Neverland ագարակում: Երգիչը հերքել է մեղադրանքները, սակայն դեռահասի ընտանիքին ավելի քան 20 մլն դոլար է վճարել: Ավելի ուշ դատարանը նան արդարացրել է նմանատիպ մեկ այլ դրվագով:
Ուեյդ Ռոբսոնը և Ջեյմս Սեյֆչակը, որոնք իրենց Ջեքսոնի զոհերն են համարում, «Հեռանալով Նևեռլենդից» վավերագրական ֆիլմում նրան կրկին մեղադրում են մանկապղծության մեջ:
Հունվարի 28-ին Ջեքսոնի ընտանիքը ֆիլմում հնչեցրած մեղադրանքները արվեստագետի անունով հարստանալու փորձ են անվանել, հիշեցնելով, որ երգչի անմեղությունն ապացուցված է, և որ դատարանը մերժել է «զոհերի» հայցը 2017-ին:









































